Աջարիայում հզոր փոթորիկ է մոլեգնում. Քոբուլեթիում 1 մարդ է մահացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 28-ին Աջարիային վրա հասած փոթորկի հետևանքով Քոբուլեթիի Աղմաշենեբելի փողոցում ծառ է ընկել ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, հայտնում է Netgazeti.ge-ն։

 

Տեղեկությունը հաստատել են Բաթումիի ՆԳՆ-ում, հետաքննություն է սկսվել։

Այս պահին ուժեղ քամու հետևանքով այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք՝ մարտի 28-ին, Աջարիայում ուժեղ քամին վնասել է ենթակառուցվածքները, տապալել ծառեր, մասնակի կամ ամբողջությամբ քանդել տների տանիքները։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Աջարիայից ուժեղ քամու պատճառած վնասների մասին տասնյակ հաղորդումներ են ստացվել։

Բաթումում փոթորիկը պոկել է տասնյակ տների տանիքներ, տապալել ծառեր, վնասել էլեկտրասյուներն ու կանգառները։ Վնասվել են նաև անձնական ավտոմեքենաներ։

Բաթումի նավահանգստում փոթորկի ուժգին պոռթկումները դատարկ կոնտեյներներ են շրջել և վնասել են հերթապահների կրպակը։

News.am