ԱՄՆ-ն կդադարեցնի Ռուսաստանի հետ միջուկային զենքի վերաբերյալ տվյալների փոխանակումը

ԱՄՆ-ն այլևս Ռուսաստանին տեղեկատվություն չի տրամադրի իր ռազմավարական միջուկային զենքի մասին։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում զինված ուժերի կոմիտեի նիստի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոն Փլումը։ Հեռարձակումը եղել է YouTube-ում։

Նրա խոսքով՝ պայմանավորված վեցամսյա ժամկետի ավարտով, երբ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի շրջանակներում (START, START-3) կողմերը փոխանակվում են տվյալներով, Վաշինգտոնը դիմել է Մոսկվային արդի տեղեկությունների համար, սակայն ռուսական կողմը պատասխանել է, որ տվյալներ չեն տրամադրվելու։

«Որպես դիվանագիտական ​​հակազդեցություն՝ ԱՄՆ-ն նույնպես որևէ տեղեկություն չի տրամադրի»,- ասել է Փլումը։

Միաժամանակ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան նախագահի վարչակազմի ներկայացուցչին, գրում է, որ նման միջոցառումն առաջին քայլն է, որը Վաշինգտոնն արեց՝ ի պատասխան START պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցմանը։

«Մեր նպատակն է խրախուսել Ռուսաստանին վերադառնալ պայմանագրին»,- ասել է աղբյուրը։

START-3 պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կրճատում են իրենց ռազմավարական միջուկային ուժերը մինչև 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, սուզանավ և ռազմավարական ռմբակոծիչներ, 1550 մարտագլխիկներ և 800 տեղակայված և չտեղակայված արձակող սարքեր:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց START-ին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի մտադրության մասին։ Հենց հաջորդ օրը համապատասխան օրինագիծը հաստատվեց խորհրդարանի երկու պալատների կողմից, և Պետդեպարտամենտը հայտարարեց, որ պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայի հետ այս հարցի շուրջ։ ԱՄՆ-ն «անհաջող և անպատասխանատու» է անվանել «Նոր ՍՏԱՐՏ»-ին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու որոշումը, սակայն փետրվարի 28-ին Պուտինը հաստատել է այն։

AuroraNews.am