Ֆրանսիայի Ազգային ժողովը Հոլոդոմորը ճանաչել է ցեղասպանություն
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ քվեարկել են Հոլոդոմորը ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու բանաձևի օգտին: Այս մասին ասվում է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կայքում։ Որոշմանը կողմ է քվեարկել 168 օրենսդիր, դեմ՝ միայն երկուսը։
Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, արհեստական պատճառներով առաջացած սովը, որը բռնկվել էր 1930-ականների սկզբին ԽՍՀՄ մի շարք գյուղատնտեսական շրջաններում, Ուկրաինայում առանձնահատուկ մասշտաբներ ուներ։
«Շնորհակալ եմ Ֆրանսիայի ծանրակշիռ ներդրման համար տոտալիտար Ռուսաստանի անցյալի և ներկա հանցագործությունների բացահայտման, ճշմարտության, արդարության և, հետևաբար, պատասխանատվության հաստատման գործում: Շնորհակալություն, Ֆրանսիա»,-Twitter-ի իր էջում ֆրանսերենով և անգլերենով Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ին, Բունդեսթագը Հոլոդոմորը ճանաչել էր ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ 2022 թվականի դեկտեմբերի 15-ին նմանատիպ բանաձև է ընդունել նաև Եվրախորհրդարանը։
Հոլոդոմորը խոշոր վիճելի թեմա է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մոսկվան մերժում է Կիևի այն տեսակետը, ըստ որի՝ Իոսիֆ Ստալինի կառավարման տարիներին ԽՍՀՄ-ում գյուղատնտեսության բռնի կոլեկտիվացման հետևանքով առաջացած զանգվածային սովի զոհերը եղել են միայն ուկրաինացիները, և հայտարարում է, որ սովից տուժել են նաև Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի միլիոնավոր բնակիչներ:
News.am