Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԴԻԿ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախում անթույլատրելի իրավիճակ է ստեղծվել, բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մի քանի տասնյակ մարդիկ՝ պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, բերում են առաջնային նշանակություն չունեցող ապրանքներ և մարդկանց վերջին միջոցների հաշվին մեծ գումարներ են վաստակում։ Այս մասին մարտի 29-ին «Շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

Նա պարզաբանել է, որ այս մարդիկ Արցախ են բերում ձմերուկ կամ ինչ-որ այլ ապրանք, որն առաջնային նշանակություն չունի, որպեսզի գումար վաստակեն։ «Չեմ ուզում թաքցնել, որ դա ամոթ է և անընդունելի»,-նշել է նա։ Նախկին պետնախարարը հավելել է, որ այդ մի քանի տասնյակ մարդկանց մոտ աշխատում են ևս մի քանի հարյուր մարդ, որոնք աշխատավարձ են ստանում, և և մի քանի հազարը գնում է այդ ապրանքները: «Եթե դեկտեմբերին Հանրապետություն էր մտնում օրական 3 մեքենա, ապա հիմա այդ թիվը հասել է 16-ի։ Միևնույն ապրանքները հասանելի չեն բոլորի համար՝ չնայած կտրոնները ներդրվել են հենց դրա համար: Բացի այդ, կտրոնները չեն աշխատում, մարդիկ ստիպված են ապրանքներ գնել ավելի թանկ, քան պետք է արժենան կտրոնով։ Բացի այդ, երկարաձգվել են կտրոնների վավերականության ժամկետները, ուստի ստեղծվում է իրավիճակ, երբ սահմանաչափը սպառած անձը չի կարողանում ժամանակին ստանալ նոր կտրոնը»,-հավելել է նա։

Վարդանյանն ինֆլյացիան համարում է միայն ներհանրապետական գործընթացների հետևանք՝ կոչ անելով սկսել նրանից, թե ով և ինչպես է գնում այդ ապրանքները, ինչ գնով և ինչ քանակով: «Ստեղծված իրավիճակում, երբ մենք պետք է համերաշխ լինենք, կրկին խախտվում է արդարության սկզբունքը։ Դա ավելի շատ վնաս է հասցնում, քան տնտեսական գործոններն ու դրանց հետ կապված ինֆլյացիան»,-եզրափակել է Վարդանյանը։

News.am