15 զոհվածների ծնողները կհանդիպեն զինդատախազի հետ. Պապիկյանը ձեռնպահ է մնացել հանդիպումից
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի դեպքով տուժողների փաստաբանը ՔԿ-ին տեղեկացրել է այդ տարածքում այլ բնույթի հանցագործությունների կատարման մասին և խնդրել` հնարավոր հանցագործությունների ու հրդեհի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ քննություն իրականացնել։ Փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին։
Նա հայտնեց, որ ինչպես ինքը, այնպես էլ ծնողներն անհատապես նամակներ են հղել ՀՀ պաշտպանության նախարարին` նրա հետ հանդիպման պահանջով, սակայն նախարարը ձեռնպահ է մնացել հանդիպում կազմակերպել։ Պաշտպանության նախարարին նաև դեպքի առնչությամբ փետրվարին հարցեր են ուղղել, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չկա։
Նա հավելեց, որ մարտի 30-ին, ժամը 15-ին ծնողները զինդատախազի հետ հանդիպում կունենան։
«Միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի պարզվի հրդեհի օրը որոշ մարդկանց` տվյալ տարածքում ներկա գտնվելու հանգամանքը։ Միջնորդություն ենք ներկայացրել նաև հարցաքննել 2 անձանց, որոնք պնդել են, որ տեղի ունեցածը դիվերսիա է եղել»,–ասաց փաստաբանը։
Ստացվել են 15 զոհված զինվորներից 10-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները. ըստ փաստաբանի` տարակուսելի է, որ մյուսների փորձաքննության պատասխանը չի եկել։ Տուժող կողմը չի բացառում կրկնակի փորձաքննության անցկացնելու հնարավորությունը։ Ի դեպ, ըստ եզրակացության` զինվորների մոտ թմրանյութ չի հայտնաբերվել։ Զինծառայողների մահվան 2 հանգամանք է մատնանշվում` ջերմային շոկ և շմոլ գազ։ Նշվում է նաև, որ նրանք այրվածքները ստացել են կենդանության օրոք։
Բացի այդ, հարցաքննվել են 10 ծնողներ, իսկ 5 զինվորների ծնողների հարցաքննությունները սպասվում են առաջիկայում։
Sputnik Արմենիա