ՔՊ-ն Սիսիանում մրցակից կուսակցության ներկայացուցիչներին ու ԶԼՄ-ին տուգանելու պահանջով դիմել է դատարան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հաղթել է Սիսիանի ՏԻՄ ընտրություններում, Վարչական դատարանից պահանջում է ընտրություններին մասնակցած «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկել՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն իրականացնելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Նշենք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1 հոդվածը սահմանում է` քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

Իսկ քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք՝ ընտրության նախորդող օրը՝ մարտի 25–ին, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը «168 ժամ»–ի հետ զրույցում ահազանգել էր Սիսիան համայնքում մարտի 26–ին կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ ՔՊ–ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին։

«Քաղաքացու որոշումը» դիմել էր նաև 34 ընտրատարածքային հանձնաժողով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչի, հանձնաժողովը, սակայն, մերժել էր դիմումը։ ՔՈ–ի ցուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ընտրական հանձնաժողովը գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը պարտավոր է քննարկել և դրա վերաբերյալ որոշում ընդունել դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12-00-ը, բայց ըստ նրա՝ օրենքի պահանջը հերթական անգամ խախտվել է:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը իրենց դիմումը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու և ՔՊ–ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան, որը, սակայն, մերժել էր կուսակցության հայցը։

Նշենք, որ ՔՈ–ի ցուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը նույնպես իր էջում կիսվել էր ՔՊ–ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին հրապարակմամբ։

Հիշեցնենք՝ մարտի 26–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 7325 քվե, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 1443 քվե, իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 2553 քվե։