Քրգործը կա՛մ բացահայտած է, կա՛մ քննությունն ընթանում է անփույթ ձևով

Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների ծնողները վստահ են` կա՛մ գործը բացահայտած է, ու իրենց պատկան մարմինները չեն հայտնում, կա՛մ քննությունն ընթանում է ոչ պատշաճ և անփույթ ձևով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց մահացած տղաներից մեկի հայրը` Արման Բարսեղյանը։

«Քննություն է ընթանում, բայց մինչ օրս դեպքի վայրը սահմանազատված չէ` ով ասես կարող է մտնել։ Ինչի համար է այս անփույթ վերաբերմունքը»,–ասաց նա։

Զինծառայողի հոր խոսքով` ԱԻՆ աշխատակիցները չէին կարող չհասկանալ, որ իրավունք չունեն կացարանից դիերը տեղափոխել, մինչև քննչական մարմնի, դատախազի դեպքի վայր հասնելը։

Ծնողները վստահ են, որ եղել է համապատասխան հրաման, միայն թե չգիտեն` ով է այդ հրամանն արձակել` վարչապե՞տը, պաշտպանության նախարա՞րը, դատախա՞զը, թե՞ այլ անձ։

Զոհվածների հարազատներից մեկի` Գաբրիել Կիրակոսյանի խոսքով էլ, վարչապետը հայտարարել է «ամեն ինչ պարզից էլ պարզ է», մինչդեռ իրենք բազմաթիվ անհասկանալի հարցեր ունեն։

«Իրենց համար է պարզ։ Իրենք գիտեն` ինչ է եղել , ինչի համար են ծածկադմբոց անում։ Ոչ դեպքի վայր գոյություն ունի, ոչ նկարներ... Մենք լիարժեք հիմքեր ունենք մտածելու, որ ձուկը գլխից է հոտած, վերևից է հրաման եղել եթե ոչ սպանության, ապա հրդեհելու մասով»,–ասաց Կիրակոսյանը։

Ծնողների խոսքով` իրենք դեպքից հետո այցելել են նմանատիպ կացարաններ, բոլոր տեղերում նույն անփույթ վիճակն է, մի տեղ պատուհան չկա, մյուսում դուռ և այլն։

Նրանք մտավախություն ունեն, որ եթե այս դեպքը չբացահայտվի, կարող է կրկնվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 15 զոհվածների ծնողները կհանդիպեն զինդատախազի հետ։

Sputnik Արմենիա