ՀԱՊԿ-ում ինտենսիվորեն պատրաստվում են ԱԳՆ-ի և ՊՆ-ի ղեկավարների նիստերին

ՀԱՊԿ-ում այժմ ակտիվ նախապատրաստվում են մայիս-հունիս ամիսներին կայանալիք արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերին, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Օրակարգը բավականին հագեցած է, ինչը վկայում Է կազմակերպության մեծ պահանջարկի մասին իր պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման հարցերի լուծման հարցում»,-ասել է Գալուզինը RTVi-ին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության ամրապնդման այս և այլ հարցերը քննարկման առարկա են դարձել նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի՝ 2023 թվականի մարտի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպման, ինչպես նաև վերջերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ Երևան կատարած այցի ընթացքում։

News.am