Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված շիրակցի զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Գյումրիում այսօր հետմահու պարգևատրվել են 2022 թվականի սեպտեմբերի 13-15 ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 12 շիրակցի զինծառայողները: ՀՀ ՊՆ և Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը ևս մեկ առիթ էր անմահացած զինվորներին հիշելու ու նրանց սխրանքն արժևորելու համար:

Հիշատակի միջոցառման ընթացքում զոհված զինվորների պարգևները ստացան հարազատները՝ ծնողները, երեխաները: Հայրիկի` Սարիբեկ Եղոյանի «Արիության» մեդալը հպարտությամբ իր ձեռքն էր բռնել որդին՝ Գուրգեն Եղոյանը: «Հոր հետ շատ էր կապված, երբ հայրը նույնիսկ մի քանի օրով էր դիրքեր էր բարձրանում, նրա ջերմությունը բարձրանում էր»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է տղայի տատիկը՝ տիկին Ռուզաննան:

ՀՀ ՊՆ N զորամասի ծառայության պետ, մայոր 32-ամյա Սարիբեկ Եղոյանը Մեծ Մանթաշից էր, նա սակրավոր: Զոհվել է սեպտեմբերի 13-ին:

Նունե Կարապետյանն էլ արցունքներն աչքերին եղբոր՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Կարեն Կարապետյանի «Մարտական ծառայության» մեդալն է հպարտությամբ ձեռքին բռնել: «Կենսուրախ ու ժպիտը դեմքին էր միշտ: Երբեք դժգոհություն չէինք լսում, ասում էր՝ քուր, բանակում շատ լավ է»,-պատմում է Նունեն։ Ասում է՝ եղբայրը իրենց միշտ է հպարտանալու առիթներ է տվել։ Ֆուտբոլիստ էր, խոստացել էր՝ ծառայությունից վերադառնալուն պես շարունակելու է ֆուտբոլով զբաղվել:

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար զինվորները հետմահու պարգևատրվել են «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով:

Sputnik Արմենիա