Կա՛մ վարչապետն է ստում, կա՛մ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված
Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի գործով հարցաքննվե՞լ է արդյոք վարչապետը՝ պարզելու համար, թե վերջինս ինչ նպատակով, ինչ պայմաններում, ինչ դրդապատճառներով է տեղեկացվել գործի մանրամասների մասին և նա ինչ պատճառաբանությամբ է հունվարի 19-ին կառավարության նիստում հանդես եկել հայտնի ելույթով և շրջանառության մեջ դրել հայտնի վարկածը: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ վարչապետի կողմից կառավարության նիստում հրապարակված փաստական տվյալների և նույն օրը լրատվամիջոցներին հարցազրույց տված դասակի հրամանատար լեյտենանտի տեղեկությունների միջև առկա է էական հակասություն, որը վերաբերում է այդ տարածքում բենզինի առկայությանը:
Այս հարցի վերաբերյալ հանրությանը պետք է տրվի սպառիչ տեղեկություն, ինչով է պատճառաբանվում, որ այդ օրը վարչապետի կողմից հրապարակված տեղեկության և լեյտենանտի կողմից բերված փաստական տվյալների միջև առկա է էական հակասություն: : Կամ այդ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված, կամ վարչապետն է սուտ տեղեկություններ հրապարակել:
Լեյտենանտը հետագայում իր ցուցմունքում պնդե՞լ է, որ նշված տարածքում բենզին չի եղել»,-ասաց նա:
Նրորիկյանը նաև հավելեց. «Այս ոճրագործությունը պետք է լիարժեք բացահայտվի, որքան շուտ հանրությանը տրվի սպառիչ պատասխան, թե ինչ է եղել իրականում և որ հանգամանքներն են եղել այս ոճրագործության պատճառը, այնքան ավելի լավ, ազնիվ ու արդար կլինեն հանրության հանդեպ»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ) և վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Գործով մեղադրվում են հինգ սպաներ։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ ևս հարուցել է հանրային քրեական հետապնդում։
Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, այս պահին շարունակում է բուժվել Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեև իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ և այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաև նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։
Հավելենք, որ ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին և կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, և որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների և սպաների միջև եղած լարված հարաբերությունների մասին։ Տղաներից որոշները ողբերգությունից օրեր առաջ ծնողներին ասել են, որ իրենց և սպաներից մեկի միջև ծեծկռտուք է եղել։
News.am