ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉԿԱ՞: ԾԻԾԱՂԵԼԻ ՀԱՐՑԵՐ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ, ԲՐՅՈՒՍԵԼԻՆ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻՆ
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, տեղեկացնելով, որ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ: Խնդրի լուծման և խաղաղության հասնելու բանալին կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է, հայտարարել է Պատելը՝ հավելելով. «Այս հակամարտությանը ռազմական լուծում չկա»:
Ի գիտություն Պետդեպարտամենտի. հակամարտության ռազմական լուծում արդեն եղել է. Բաքուն բիրտ ուժի կիրառմամբ և Վաշինգտոնի մերձավոր գործընկերների՝ Թուրքիայի և Իսրայելի ակտիվ աջակցությամբ բռնազավթել է Արցախի տարածքի գերակշիռ մասը և միաժամանակ ահռելի թվով ռազմական հանցագործություններ կատարել հայ ժողովրդի դեմ: Երեք տասնամյակ շարունակ միջնորդները, իսկ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահները պնդում էին, որ ուժի կիրառումը և ուժի սպառնալիքն անընդունելի են Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման պարագայում։ Սակայն միջնորդներից ոչ մեկը չի բարձրացնում ՄԱԿ-ի այդ հիմնարար սկզբունքի խախտման համար Ադրբեջանի պատասխանատվության հարցը և չի դիտարկում Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների համար նրան պատժելու հարցը:
1987թ. դեկտեմբերին ընդունված «Միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից հրաժարման սկզբունքի արդյունավետության ամրապնդման մասին» ՄԱԿ-ի հռչակագիրն ասում է. «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է իր միջազգային հարաբերություններում զերծ մնալ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ինչպես ցանկացած պետության տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության դեմ, այնպես էլ Միավորված ազգերի նպատակների հետ անհամատեղելի որևէ այլ կերպով։ Ուժի այդպիսի սպառնալիքը կամ դրա կիրառումը միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության խախտում են և ենթակա են միջազգային պատասխանատվության»:
Հիմա հարց. ինչո՞ւ նախկինում կարգավորման գործընթացում սերտորեն ներգրավված, իսկ այսօր հայկական շահերի հաշվին տարածաշրջանում ազդեցության վերաբաշխմանը ցինիկաբար մասնակցող ոչ մի պետություն չի բարձրացնում Ադրբեջանի միջազգային պատասխանատվության հարցը այդ սկզբունքի, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերի խախտման համար, որոնք ընդունվել են Մինսկի խմբի շրջանակներում և ստորագրվել այդ թվում համաշխարհային երեք խոշորագույն տերությունների նախագահների կողմից: Չէ՞ որ միջազգային միջնորդների անմիջական մասնակցությամբ Ղարաբաղյան հիմնախնդիրը երկար տարիներ լուծում չէր գտնում, թեև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ԼՂՀ կազմավորման իրավական անթերիությունը անվիճելի էին և կասկածի ենթակա չէին։ Ինչպեսև այն փաստը, որ Ադրբեջանի կազմում կրկին բռնի ընդգրկվելու դեպքում հայկական երկրամասի գլխավերևում կախված ցեղասպանության վտանգը իրականություն կդառնա։
Ինչն էլ, ըստ էության, տեղի է ունենում այսօր։ Բայց երեսպաշտությունն ու անսահման ցինիզմը առաջվա պես պես իշխում են համաշխարհային կենտրոններում, որոնց մտքով անգամ չի անցնում իրական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վաղուց դատարկ հնչյունի վերածված բանավոր կոչերի փոխարեն։ Ճիշտ ինչպես «հարցի ռազմական լուծում գոյություն չունի» ծեծված թեզը, որ պարբերաբար բարձրաձայնվում է միջնորդների կողմից այն խորապատկերին, երբ Բաքուն ոչ միայն հրաժարվում է կատարել ամենահեղինակավոր դատական ատյանների որոշումները, այլև բացահայտ դիմում ահաբեկչական միջոցների՝ հարցը վերջնականապես իր օգտին լուծելու համար։ Շրջափակումը, ինչպես հայտնի է, ագրեսիայի ակտ է, իսկ Ալիևն այլևս չի սահմանափակվում արտաքին աշխարհից Արցախի լիակատար մեկուսացմամբ. նա ձգտում է վերահսկողություն զավթել միջհամայնքային ճանապարհների նկատմամբ՝ իսպառ կտրելով առանձին գյուղերը նույնիսկ Ստեփանակերտից…
ԵՎՍ ՄԻ ՓՈՔՐ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅԱՆԸ: Ագրեսիա է համարվում մեկ պետության կողմից մյուսի տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության դեմ ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող ուժի ցանկացած կիրառում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սահմանման համաձայն՝ ագրեսիան սկզբունքորեն չի կարող արդարացվել որևէ նկատառումով, լինի դա քաղաքական, տնտեսական, ռազմական, թե այլ բնույթի, և հանցագործություն է միջազգային խաղաղության դեմ:
Գիտե՞ն արդյոք այս ամենը Վաշինգտոնում, Մոսկվայում կամ Բրյուսելում։ Ծիծաղելի հարց է։ Ինչո՞ւ պատժամիջոցներ չեն կիրառում անվերապահ ագրեսորի՝ Ադրբեջանի նկատմամբ։ Այս հարցը նույնպես, հավանաբար, ծիծաղելի է: Բայց այս երկու հարցերն ու դրանց հիմնավորումները, անկախ ամենից, պետք է հնչեն անդադար, բարձրաձայն, միջազգային բոլոր հարթակներում ու ասպարեզներում: Եվ դրանք պետք է բարձրաձայնեն առաջին հերթին ՀՀ ներկայացուցիչները։ Ինչո՞ւ դա չի արվում: Այստեղ, իհարկե, նույնպես կարելի է բնութագրել հարցը որպես ծիծաղելի, բայց կա նաև երկրորդ տարբերակը. չգիտեն։ Ինչը, բնականաբար, բոլորովին չի բացառում թեման լռության մատնելու միտումնավորությունը։
Երեկ՝ մարտի 28-ին, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները կրկնեցին իրենց նախագահի հայտարարությունը Արցախի ժողովրդին ուղղված ուղիղ սպառնալիքով. բռնի տեղահանում հայրենի հողից՝ ահաբեկչական պետությանը չենթարկվելու դեպքում: Այդ սպառնալիքը ոչ ոք չնկատեց. ո՛չ վերոնշյալ երեք մայրաքաղաքներում, ո՛չ էլ Երևանում։ Մինչդեռ արցախցիների առջև իր էությամբ հրեշավոր վերջնագիր դնող այսպիսի հայտարարությունները (կա՛մ բռնի «վերաինտեգրում», կա՛մ վտարում), անկասկած, հերթական հանցագործությունն են ժողովրդի և հայրենի հողի վրա ազատ ապրելու նրա անքակտելի իրավունքի դեմ:
Եթե ԱՄՆ Պետդեպարտամենտը, թեկուզ ոչ միշտ, բայց այնուամենայնիվ արձագանքում է Բաքվի կամայականություններին, ապա Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդհանրապես անհասկանալի պահվածք է ցուցաբերում։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի կողմից արցախցի երեք ոստիկանների աղաղակող սպանությունը նա անվանեց ընդամենը «արյունալի միջադեպ», որը «ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապ անհրաժեշտությունը՝ կայունության և արդար խաղաղության հասնելու համար»: Ցանկություն է առաջանում հարցնել պրն Կլաարին. որպես Էստոնիայի քաղաքացի՝ ինքը կհամաձայնե՞ր բանակցություններ վարել մի երկրի հետ, որը բացահայտ ահաբեկչական, ցեղասպան քաղաքականություն կիրականացներ իր սեփական ժողովրդի նկատմամբ:
Թե՞ ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր դերը տեսնում է բացառապես Բաքվում հրահանգներ ստացող, այդ հրահանգները Հայաստանի օկուպացիոն ռեժիմին հաղորդող և պատասխանը փոխանցելու համար Բաքու վերադարձող բանբերի դերում: Ի նպաստ ո՞ւմ շահերի է աշխատում այդ կասկածելի որակավորմամբ դիվանագետը, եթե հետևողականորեն չի արձագանքում միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, որ մշտապես թույլ է տալիս կողմերից մեկը:
Ի դեպ, ուշագրավ հրապարակում հայտնվեց օրերս հայկական թերթերից մեկում։ «Փաստ» օրաթերթը հաղորդեց, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ներկայացուցչական պատվիրակություն ուղարկել տարածաշրջան: «Վաշինգտոնին չեն բավարարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ներկայացրած զեկույցները, և Պետդեպում նպատակահարմար են գտել հենց առաջին ձեռքից հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում»,- ասվում էր հրապարակման մեջ: Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, դժվար է դատել, բայց էստոնացի դիվանագետի անգործությունը, որը նույնիսկ հանուն պարկեշտության չի արձագանքում Արցախում տեղի ունեցող ամենին, ակնհայտ է բոլորի համար։
Ինչևէ, Փաշինյանի ռեժիմի հանցավոր համաձայնությամբ՝ Արևմուտքը չի առարկում Արցախը մի պետության կազմում ընդգրկելուն, որի ահաբեկչական էությունն այն աստիճան ցայտուն է դրսևորված, որ որևէ ապացույց չի պահանջում: Փաշինյանի օրինակով՝ միջնորդները նույնպես սկսեցին խոսել ընդամենը Արցախի ժողովրդի «իրավունքների և անվտանգության երաշխիքների» մասին, ջանադրաբար հետևելով պաշտոնական Երևանի օրինակին՝ չնկատելու, թե կոնկրետ ումից են իրենք ակնկալում այդ «երաշխիքները»։ Որպեսզի հիշեցնենք բոլորին, թե ինչ է են իրենցից ներկայացնում Ադրբեջանն ու իր առաջնորդը, մեջբերենք արցախահայության ճակատագրով դժվար թե մտահոգ ադրբեջանցի ընդդիմադիրի գրառումը։
Հիշեցնեմ, որ մարտի 14-ին Ադրբեջանի Սահաթլիի շրջանի Նաբաթքենդ և Օրթա Մուղան գյուղերի բնակիչները բողոքի ցույցի էին դուրս եկել արդեն երկար ժամանակ շարունակվող ջրի սուր պակասի պատճառով՝ ցանկանալով խնդրի վրա հրավիրել կենտրոնական իշխանությունների ուշադրությունը: Վերջիններիս արձագանքը ակցիայի դաժան ճնշումն էր և ոստիկանների կրակոցները խաղաղ ցուցարարների վրա, ինչի հետևանքով երեքը ծանր վիրավորվել են, շատերը ձերբակալվել։
Ահա ուրեմն, Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության համակարգող կենտրոնի անդամ Թոֆիկ Յագուբլուն այդ առիթով Ֆեյսբուքում գրել է հետևյալը. «Իլհամ Ալիևն այսօր մեկնեց Գերմանիա։ Նա այնտեղ կասի, թե մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հայերին տալ այն բոլոր իրավունքները, որ ունեն մեր մյուս քաղաքացիները։ Միգուցե այն, ինչ տեղի ունեցավ այսօր Սահաթլիում, նա ներկայացնի որպես ապացույց, թե Ադրբեջանի քաղաքացիներն օգտվում են երկրի Սահմանադրությամբ և այլ օրենքներով իրենց տրված ազատություններից ու իրավունքներից»:
Այս առնչությամբ կրկին ծիծաղելի հարցեր տալ կարծես թե լուրջ մարդկանց՝ արդեն մի տեսակ անհարմար է…