Հարութ Սասունյան. Ճնշումները և հարձակումները կշարունակվեն
Ադրբեջանի կողմից սահմանին ճնշումներն ու հարձակումները կշարունակվեն, որպեսզի Հայաստանը մշտապես թույլ և իրեն ենթարկվողերկիր լինի՝ Բաքվի շահերը հայկական շահերի դեմ առաջ մղելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։
Նա իրական համարեց Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման հավանականությունը՝ հաշվի առնելով Հայաստանի թուլությունը, որը, նրա կարծիքով, վատ է զինված ու պատրաստված։
Սասունյանը մատնանշեց, որ Հայաստանի իշխանությունները անգործունակ են և անընդհատ զիջումներ են անում թշնամիներին։
«Ալիևը, հիանալի հասկանալով, որ Փաշինյանը անընդհատ զիջելու է այն, ինչ ինքը կնշի, կշարունակի պահանջել նոր զիջումներ, իսկ մերժման դեպքում կսպառնա Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառմամբ»,- ընդգծեց նա։
Նրա գնահատմամբ՝ Ալիևի նպատակն այն է, որ Հայաստանը մշտապես ճնշման տակ լինի և ստիպված լինի ընդունել բոլոր պահանջները՝ լինի Արցախի հարցում, թե Հայաստանի հարցում։
«Արցախի հարցում Ադրբեջանը հանրապետության մնացած հատվածը հայաթափելու և օկուպացնելու նպատակ է հետապնդում։ Լաչինի միջանցքի շրջափակում, հարձակումներ, կրակոցներ՝ այս ամենն ուղղված է Արցախի հայության համար կյանքի անտանելի պայմաններ ստեղծելուն, որպեսզի նրանք լքեն իրենց հայրենիքը»,- եզրափակեց Սասունյանը։