Կացարանի հրդեհից զոհված զինծառայողների ծնողները բավարարված չեն զինդատախազի հետ հանդիպումից

Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների ծնողները լիարժեք բավարարված չեն ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ հանդիպումից: Այս մասին նրանք հայտարարեցին մոտ 3 ժամ տևած փակ հանդիպումից հետո։

«Մեր հարցերը տվել ենք, դրանց շրջանակներում քննություն է ընթանում, նախաքննական գաղտնիք ես չեմ կարող բացահայտել: Հույս ունենանք՝ մեր հարցերի պատասխանները բոլորս կստանանք»,- ասաց մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:

Զինդատախազի հետ հանդիպման ժամանակ ծնողներն ու նրանց ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը տեղեկացել են, որ հրդեհի գործով կան տարբեր վարկածներ ու դրանք բոլորը ուսումնասիրվում են։

«Ասել են, որ այլ վարկածների գոյությունը այս պահին բացառված չէ, ընթանում են ստուգողական, քննչական, դատավարական գործողություններ` հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ, բայց կոնկրետ որևէ արդյունք, որևէ վարկածի վերաբերյալ մեզ սպառիչ տեղեկատվություն չի տրամադրվել»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա նշեց, որ այս գործով այս պահին 5 անձ քրեական հետապնդման է ենթարկվում։ Զինվորական դատախազն այսօր չի բացառել, որ նրանց թիվը կավելանա։

Sputnik Արմենիա