Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա, Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է հրթիռների մի մասը

Սիրիայի ՀՕՊ միջոցները խոցել են Իսրայելի կողմից Դամասկոսի նահանգի (Սիրիա) ուղղությամբ արձակված հրթիռներից մի քանիսը, հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել։ Տեղեկությունը հայտնում է SANA-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

«Այսօր` ժամը 00.17-ին (Երևանի ժամանակով` 01:17. խմբ.), հակառակորդը օդային ագրեսիա է իրականացրել գրավվածԳոլանի բարձունքներից` հրթիռային համազարկով հարվածներ հասցնելով Դամասկոսի նահանգին։ Մեր հակաօդային պաշտպանության միջոցներն արձագանքել են հակառակորդի հրթիռներին և խոցել դրանց մի մասը», - նշված է հաղորդագրության մեջ:

Սոցցանցերում կադրեր են տարածվել, որոնք նկարահանվել են Իսրայելի կողմից։

Սա մեկ օրում արդեն երկրորդ հարձակումն է Սիրիայի վրա։ Մարտի 30-ին Սիրիայի ՊՆ-ն հայտնել էր, որ Դամասկոսի մերձակայքում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով երկու զինվորական է վիրավորվել։

Sputnik Արմենիա