Սպիտակ տուն․ Էվան Գերշկովիչին ներկայացվող լրտեսության մեղադրանքները ծիծաղաշարժ են

Սպիտակ տունը հերքել է The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին (որը կալանավորվել է Ռուսաստանում) ներկայացվող լրտեսության մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ, և հայտարարել է, որ այդ մեղադրանքները հավաստի համարելու ոչ մի հիմք չկա։

«Լրտեսության այդ մեղադրանքները ծիծաղաշարժ են։ Ռուսաստանի կառավարության կողմից ամերիկացի քաղաքացիների հետապնդումն անընդունելի է»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում։

Սպիտակ տունը նաև հայտարարել է, որ պետդեպարտամենտը, Գերշկովիչին կալանավորելու տեղեկության առնչությամբ, ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի կառավարության հետ։

Բայդենի վարչակազմը նաև կապ է պահպանում լրագրողի ընտանիքի և նրա գործատուի հետ, նշվել է հայտարարությունում։

«Ռուսաստանում ապրող կամ ճամփորդող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան այդ երկրից, ինչի մասին շարունակում է տեղեկացնել պետդեպարտամենտը»,- ընդգծվել է փաստաթղթում։

News.am