Արգամ Հովսեփյան․ Ադրբեջանցիները առաջ են եկել, նոր տարածքներ օկուպացրել Սյունիքի մարզում
Իրադարձությունների մասին տեղացիների անպաճույճ պատմությունները հնարավորինս հստակ ու լիարժեք պատկերացում են տալիս իրավիճակի մասին։ Բացառություն չէր Տեղ գյուղի տարածքի զավթման վերաբերյալ շրջանի բնակիչների պատմածը։
Lragir.am-ի հետ զրույցում Արավուս համայնքի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը պատմել է, որ «ադրբեջանցիները առաջ են եկել, նոր տարածքներ օկուպացրել Սյունիքի մարզում և այսօր առավոտվանից Տեղ գյուղի տարածքում ամրաշինական աշխատանքներ են իրականացնում»։
Նրա խոսքով՝ «ռուսական զորք է եղել տարածքում, որը դուրս է եկել, ադրբեջանցիները մտել են։ Ռուսները տեղափոխվել են Կոռնիձորի տակ։ Ադրբեջանցիները եկել են Արավուսի ու Տեղ գյուղի սահմանով իջել են Կոռնիձոր, սահմանը գծելով իջել են մինչև ներքև։ Մեր հաշվարկով՝ Տեղ գյուղից էլ 70-80 հեկտար հողեր են գրավել։ Եվ ոչ մեկ դեմը չառավ, այդտեղ բանակ չի եղել, բանակը Արավուսի դիմացն է, այդ տարածքը, որտեղ մտել են, ընդհանրապես բաց էր։ Մեր գյուղի սահմանից մինչև Տեղ գյուղ, Կոռնիձոր, այդ հատվածում միջանցք էր թողնված։ Հիմա այդպես կտրել են, Տեղ գյուղի հողերով վերցրել են», ասել է նա։