Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ է տեղի ունեցել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 31-ին, հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը։
Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային և քաղաքացիական կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։
Քննարկված հարցերի համատեքստում Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին: