ԻՆՉՈՒ՞ Է ԿԵՂԾ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ» ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

Շատերս ենք հիշում մեր մանկության տարիների այն զվարճախոսությունը, երբ քիչ թե շատ աչքաբաց երեխաներից մեկը դեմքի լուրջ արտահայտությամբ մյուսին հարցնում էր «կուզեի՞ր՝ միլիոնատեր լինեիր, բայց գլխիդ մազերի տեղը խառը կանաչի աճեր»։ Մանկական այս գայթակղիչ հարցադրումն անտեսում էր օբյեկտիվորեն հնարավոր ու անհնար մյուս ելքատարբերակները։ Դիցուք՝ գլխին կարող է խառը կանաչի աճել, բայց միլիոնատեր խեղճ երեխան այդպես էլ չդառնա։ Կամ միլիոնատեր լինելով հանդերձ՝ շարունակի պահպանել մորուց ունեցած մազերը։ Դեռ չենք խոսում ավելի էկզոտիկ տարբերակների մասին՝ միլիոնատեր, իսկ գլխին՝ … ալոե։

Ցավոք, կեղծ դիլեմաները մեր կյանքի անբաժան մասն են, քանզի մարդկային ուղեղը սովոր է իրականությունն ընկալել վերջինիս պարզեցված տեսքով։ Այդպես ավելի հեշտ է, նվազ էներգատար։ Եվ իրոք՝ մի՞թե պարզ չէ՝ կա՛մ շարունակում ես նույն մազերով ապրել ու միլիոնատեր չես, կա՛մ գլխիդ խառը կանաչի կա ու միլիոնատեր ես։ Մի՞թե պարզ չէ հակադրությունը, որ քանի դեռ այսքան տարի բնական մազերով էիր, միլիոնատեր չէիր, ուրեմն հենց խառը կանաչիով լինես, կդառնաս միլիոնատեր։ Մինչդեռ, ո՛չ, մի փոքր երկար մտածելու դեպքում պարզ է դառնում վերևում մեր գրածը՝ տարբերակները շատ կարող են լինել, իսկ միլիոնատեր չլինելու պատճառը բնական մազածածկույթը չէ։

Այսօրինակ կեղծ դիլեմայով է գցվել անկախացած Հայաստանի Հանրապետության պետական-քաղաքական մտքի հիմքը։ 1997 թվականի աշնանային թախծոտ Երևանը վայելելու փոխարեն Լևոն Տեր-Պետրոսյանը լծվել էր մանկական «խառը կանաչու» զվարճախոսության տրամաբանությամբ թիմակիցներին համոզելու, որ կա՛մ «Ղարաբաղ ու տնտեսական հետամնացություն», կա՛մ «Ղարաբաղի հանձնում ու տնտեսական բարգավաճում»։ Աստված գիտե, ինչպես էր հորինվել այս կեղծ երկընտրանքը, ինչու էին զանց առնվում մնացյալ տարբերակները, օրինակ՝ «Ղարաբաղ ու տնտեսական բարգավաճում» (որպիսին եղավ այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրին իշխանությունից) կամ «Ղարաբաղի հանձնում ու տնտեսական հետամնացություն» (որպիսին եղավ այն բանից հետո, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հանձնեցին հայկական հողերը) և այլն։

Եվ նորից արձանագրենք, որ մարդկային ուղեղի այս թուլությունը՝ կառուցարկելու արհեստական երկվություններ և աշխարհը տեսնելու այդ երկվությունների ոսպնյակով, հնուց ի վեր հայտնի է մարդկային խմբերի ղեկավարներին՝ ցեղապետերից, մինչև կայսրեր, որոնք շահագործել են այդ հատկանիշը՝ հանուն իրենց իշխանության։ «Կա՛մ ավելացած ուտելիքն ինձ կտաք, կա՛մ անպաշտպան կմնաք գազանների ու անձրևի դեմ և կմեռնեք»,- ասում էր հին ցեղապետը։ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- ասում էր ՀՀ ներկայիս դե-ֆակտո վարչապետը՝ շարունակելով կեղծ երկընտրանքի և վախի կառավարման միջոցով իշխանություն բանեցնելու իր հոգևոր հոր ուղեգիծը։

Այսօր այդ ուղեգիծը հասել է սպառնալից նոր հանգրվանների։ Թշնամու հանդեպ վախի գեներացման և անօգնականության ընտելացման միջոցով ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ստեղծում են նորանոր կեղծ երկընտրանքներ և ի սկզբանե անվավեր այդ պարադիգմում գրանցում են քաղաքական մի հաղթանակը մյուսի հետևից։ Ի կանխումն այդ արհավիրքի՝ հերքենք տարածված հիմնական կեղծ երկըտրանքները

«Խաղաղության պայմանագիր չստորագրենք, բա ի՞նչ անենք՝ պատերազմե՞նք» - Արհեստածին, անվավեր և ծիծաղ առաջացնող երկընտրանք։ Իսկ հնարավոր չե՞ն այլ տարբերակներ, օրինակ՝ որևէ թուղթ ստորագրվի, իսկ հետո էլի պատերազմ լինի։ Հնարավոր է։ Ավելին՝ այնքան հնարավոր է, որ այս մասին մի քանի անգամ նշել է նույնիսկ «խաղաղության պայմանագիր» կոչված սև թղթի հիմնական մունետիկ դե-ֆակտո վարչապետը՝ «Տեսականորեն և գործնականում կարելի է խաղաղության պայմանագիր ստորագրել, սակայն 12 ժամ հետո պատերազմ սկսվի»։ Կամ հնարավո՞ր չէ, որ ոչինչ էլ չստորագրվի, ու տարին 1-2 հատ պատերազմ էլ չլինի։ Այդպես է եղել օրինակ 1994-2020 թթ-երին։ Ուրեմն հնարավոր է։ Ի վերջո պատերազմո՞ւմ են արդյոք Ռուսաստանն ու Ճապոնիան, որոնց միջև 1945 թ-ից մինչ օրս խաղաղության պայմանագիր ստորագրված չէ։ Կամ մի՞թե չեն պատերազմում Սիրիան ու Թուրքիան, որ 1998 թ-ին այդքան հանդիսավորությամբ Ադանայում ստորագրեցին «ջան-ջիգյարության» պայմանագիր, սկսեցին ընդհուպ համատեղ զորավարժություններ անել (2009 թ), ինչը, սակայն, չկանխեց պատերազմը։ Դժվար է այս հարցում որևէ նոր միտք ասել, քան այն, որ պատերազմը կանխվում է միայն ու միայն պատերազմին պատրաստվելու միջոցով։ Պատերազմը չի կանխվում թղթի կտորներով, անգամ եթե այդ թղթի կտորների վրա խզբզված են «միջազգային երաշխիքներ»։

«Տարածքային ամբողջականությունը չճանաչենք, բա ո՞նց դիվանագիտական հարաբերություններ հաստատենք» - Սա ավելի ծանր դեպք է։ Այստեղ բանիմաց լսողի շուրթերից ակամայից բխում է՝ «այսի՞նքն, յանի ի՞նչ» բնույթի պատասխան։ Բանն այն է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ՈՉ ՄԻ իրավական առնչություն չունի այս կամ այն տարածքի հանդեպ այդ երկրի տիտղոսը ճանաչել-չճանաչելու հետ։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նշանակում է պետությունների երկկողմանի ցանկություն՝ միմյանց հետ իրավաքաղաքական հարաբերությունների մեջ մտնելու։ Դա չի նշանակում տիտղոսի ճանաչում։ Դեռ ավելին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը տեսականորեն կարող է նպատակ ունենալ հեշտացնելու պետությունների միջև առկա տարածքային վեճերի կարգավորումը։ Այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բնավ չի նշանակում տարածքային վեճերի սառեցում կամ վերացում։ Մի՞թե Ադրբեջանը տարածքային հավակնություններ չունի Վրաստանի (պաշտոնական մակարդակով) և Իրանի (ոչ պաշտոնական մակարդակով) հանդեպ։ Իսկ մի՞թե Արգենտինայի ու Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս Հայաստանը հատուկ ճանաչել է Մալվինյան կղզիների պատկանելիությունը մեկին կամ մյուսին։ Կամ ի՞նչպես է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաստատումից հետո Հայաստանը կարողացել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ճապոնիայի հետ չլինի՞ թե երկուսի դեպքում էլ վիճելի կղզիները ճանաչել է այդ երկրի կազմում։

Մեր այս սյունակը բնավ նրա մասին չէ, որ աշխարհում չկան երկընտրանքային վիճակներ, այն մասին չէ, որ աշխարհը միշտ բազմագույն է, իսկ «անհնարինը ոչինչ է»։ Բնավ։ Անշուշտ կան ընդգծված երկընտրանքային ելքով իրավիճակներ։ Կինը կա՛մ հղի է, կա՛մ հղի չէ, շենքը կա՛մ գազաֆիկացված է, կա՛մ գազաֆիկացված չէ, պատերազմում կա՛մ հաղթում ես, կա՛մ պարտվում և այլն։ Մեր ասելիքը կեղծ երկընտրանքների հերքումն էր։

Քանզի այո՛, այսօր Հայաստանը ևս երկընտրանքի կացության մեջ է՝ այն կա՛մ հզորանում է, կա՛մ ի սպառ դադարում գոյություն ունենալ, կա՛մ հզոր բանակ է ունենում, կա՛մ ցեղասպանվում է։ Մենք համարում ենք, որ երկընտրանքը պետք է ճիշտ ձևակերպել, ճիշտ ախտորոշել խնդիրը, որ հնարավոր լինի լուծում գտնել։ Այո՛, մեր թշնամիները ցանկանում են ի սպառ վերացնել մեզ, ուստի՝ մենք պետք է ուժեղ լինենք, որ թույլ չտանք դա, ինքներս պետք է արդարորեն վերադարձնենք մեր հողերը՝ մեր սահմաններն ընդարձակելով դեպի հին բնակության վայրեր։ Հետևաբար՝ այո՛, երկընտրանքը շատ պարզ է, և այն պետք է ձևակերպել հետևյալ կերպ՝ կա՛մ ստրկություն, կա՛մ հաղթանակ։ Այս կարգախոսն է հնարավոր դարձրել մեծ պատերազմներում հաղթած պետությունների հաղթանակը՝ լինեն դրանք երկու աշխարհամարտերը, թե մեր վարած հայոց հայրենական պատերազմները։

Էդգար Էլբակյան, HayAliq.com