ԷԴԻԹԸ, ՈՐ ՆԿԱՐՈՒՄ Է ԱՍՏԾՈ ՄՏՔԵՐՈՎ՝ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ

Այսօր «Արվեստի դեսպանատանը» (Սայաթ Նովա 28) բացվելու է Էդիթ Սիմոնյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացվելու են Էդիթ Սիմոնյանի վերջին շրջանի աշխատանքները, որոնցում նա ուսումնասիրում է հայկական միջնադարյան մանրանկարչությունը ճապոնական օշիբանա տեխնիկայի և ժամանակակից գեղագիտության ոսպնյակի միջոցով։

Օշիբանան չորացված ծաղկաթերթերով ստեղծվող արվեստի տեխնիկա է, որի կիրառումն առանձնացնում է Էդիթ Սիմոնյանի արվեստն ավանդական մանրանկարչություններից։ Իր բացառիկ տեխնիկական հմտության և մանրուքների նկատմամբ ուշադրության շնորհիվ Էդիթ Սիմոնյանը ստեղծում է բարդ կոմպոզիցիաներ, որոնք փոխանցում են հայկական մանրանկարչության էությունը: Ցուցահանդեսում ներկայացված է 44 աշխատանք։

Ցուցահանդեսը կգործի մինչև ապիլի 9-ը։ Մուտքն ազատ է։

Panorama.am-ի հետ զրույցում Էդիթ Սիմոնյանը պատմեց, որ դեռ փոքր հասակից ծաղիկներով կոմպոզիցիաներ անել շատ է սիրել։

«Մասնագիտությամբ ճարտարապետ եմ։ Ինստիտուտն ավարտել էի, փոքրիկ երեխա ունեի, խելոք աղջիկ էր, օրվա ընթացքում շատ ազատ ժամանակ ունեի, որոշեցի ծաղիկների թերթիկները կպցնել իրար։ Սկզբում թեթև կոմպոզիցիաներ էի անում, հետո իմպրեսիոնիստների նկարներից էի ընդօրինակումներ անում՝ ծաղիկների թերթիկներով։ Մի օր ընկերուհիս ասաց՝ այդքան մանրանում ես, մանրանկարչություն արա։

Այդպես սկսեցի մանրանկարներից ընդօրինակել։

15 տարի աշխատելուց հետո պարզեցի, որ այս տեխնիկան գոյություն ունի 15-րդ դարից, սամուրայներն են արել, կոչվում է օշիբանա»,- ասաց Է. Սիմոնյանը։

Է. Սիմոնյանի ներկայացմամբ, որևէ գույն, ներկ չի օգտագործում, ծաղիկների բնական գույներն են. «Հենց ծաղիկի թերթիկներն են իրենց բնական գույներով։ Մեկ նկարի վրա 5 օր եմ աշխատում՝ էտապներով»։

Նա նշեց, որ իր համար ծաղիկն ամենա-ամենան է. «Մի տեղ կարդացի, որ ծաղիկները Աստծո մտքերն են երկրի վրա»։

Panorama.am

Галерея (5 фото)