ԿՈՄԱՆԴՈՍ․ ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՂԱՎ՝ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ…
Արցախյան առաջին հաղթական ազատամարտը ծնեց իր իրական հերոսներին. Մոնթեներ ծնեց ու Բեկորներ, Սև Հովազներ ու Թաթուլ Կրպեյաններ, Շահեն Մեղրյաններ ու Լեոնիդ Ազգալդյաններ: Անմահացած և ապրող հարյուրավոր քաջազունների ծնեց ու ծնեց նաև աֆղանական պատերազմի բոցերում թրծված ու ազերական ոհմակների սարսափը դարձած Արկադի Տեր-Թադևոսյան Կոմանդոսին, ում և իր զինակից գործիչներին վերապահված էր ազատագրել հայոց անառիկ, շենշող բերդաքաղաք Շուշին՝ «Հարսանիք լեռներում» նախադեպը չունեցող ռազմագործողության իրագործումով:
Որպես առաջնորդի՝ Կոմանդոս հնչեղ անունով նրան կնքել են մարտական ընկերները Արցախում, գործողությունների ժամանակ վստահել ու շարժվել են նրա հրահանգներով: Տեր Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս: Պատմում են, որ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից ջախջախիչ հարվածներ հասցնել ոսոխին, ու նրանց թվացել է, թե սարերում բազմաթիվ հայկական ջոկատներ են գործում:
Թբիլիսիում է ծնվել լեգենդար Կոմանդոսը: Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր, ով 1915-ի կոտորածներից հետո հաստատվել էր Անիի Մայր տաճարի դիմաց՝ մայր Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում ու ստանձնել տեղի բնակչության հոգևոր հովվի պարտականությունները: 1937-ի ստալինյան բռնությունների տարիներին շենում մեծ հարգանք վայելող հոգևորականը, նախապես տեղեկանալով, որ պատրաստվում են իրեն ևս աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից: Նախ մեկնում է Ռուսաստան, այնուհետև հաստատվում վրաց մայրաքաղաքում: Այստեղ էլ լույսաշխարհ է գալիս ապագա հրամանատարը: Սովորել է ծննդավայրի թիվ 9, ապա՝ թիվ 10 դպրոցներում: Վերհիշելով այդ տարիները՝ գեներալը պատմել է, որ դպրոցական տարիներին առիթ է ունեցել մասնակցելու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի: Եվ ինքը, և ուսուցիչները վստահ են եղել, որ ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդ աշակերտը ձեռնունայն չի վերադառնա: Մնում էր կատարել միակ «անմեղ» պահանջը, որ դրված էր մրցույթին մասնակցելու համար՝ փոխել հայկական ազգանունը, ինչը, բնականաբար, չի կատարվում…
Կոմանդոսն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան: Զինվորական ծառայությունն սկսել է Գյումրիում, հետո Երևանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի պետ: Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում:
Արցախյան ազգային ազատագրական շարժման առաջին օրերից Կոմանդոսն արդեն հայրենիքում էր: Միանալով պայքարին՝ ակտիվորեն մասնակցում է կամավորականների զինվորական մարզման ու նախապատրաստման գործին, 1990-ին անդամագրվում «Սասունցի Դավիթ» ջոկատին: Մեկ տարի անց նշանակվում է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ: Նույն թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը, փորձառու զինվորականի հրամանատարությամբ իրականացված գործողության շնորհիվ ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը:
Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն օժտված են հզոր կամքով, տոգորված հայրենասիրական բարձր ոգով ու նպատակասլացությամբ: Ըստ նրա՝ այդ ամենը պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ էին պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին զորու կլիներ հրաշքներ գործել միայն ու միայն զենք բռնելուց ու դրան գերազանցապես տիրապետելուց հետո: Հենց այդ համոզմամբ էլ հրամանատարը շարունակում էր մարզել ու սովորեցնել երիտասարդ կամավորականներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին բռնել: Իսկ առջևում վճռական գրոհն էր՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությունը. 1992 թ. մայիսի 8-ին իրականացվում է ռազմարվեստի մեջ գլուխգործոցային «Հարսանիք լեռներում» օպերացիան: Հայոց հնօրյա բերդաքաղաքը, որտեղից գիշեր-ցերեկ գրադային կրակե կարկուտ էր թափվում մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակիչների գլխին, ի վերջո ազատագրվում ու անցնում է օրինավոր տերերի ձեռքը: Ինչպես վերհիշել է Կոմանդոսը. «Ռազմական տեսանկյունից մենք կատարելապես պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա Վազգենին, որ եթե մենք ազատագրենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը…»: Ցավոք, հայրենի բերդաքաղաքն այսօր կրկին գերության մեջ է, հրաշափառ սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ գմբեթազուրկ ու ավերակված, վաղնջական խաչքարերը՝ ոտնատակ, պղծված ու փշրված: Եվ արդյոք նաև դա չէ՞ր պատճառը, որ արագացրեց հերոս գեներալի վախճանը… Շատերն են այդպես կարծում: Բայց հայոց հավատավոր հույսը հուշում է, որ Շուշին նորից կշենանա ու կխոսի մաշտոցյան բարբառով, որ Ամենափրկիչը կրկին կծաղկի հավատի ու հաղթանակի մոմավառությամբ…
…Ուշագրավ գրառումներ է թողել մեծանուն ու սիրված զորահրամանատարը: Դրանցից մի քանիսով էլ վերջակետենք ասվածը. «Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում…»: «Յուրաքանչյուր պետություն ունի մեծ եղբայր: Մենք ոչ մեծ եղբայր ունենք, ոչ փոքր: Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»: Եվ՝ «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք ադրբեջանցիներին սովորեցրեցինք վազել, երկրորդի ժամանակ կսովորեցնենք նաև լողալ…»:
Ի՜նչ վստահությամբ ու հավատով է ասված…
Ափսո՛ս…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ, Yerepouni-news.com