ԿԽՄԿ-ն Արցախից ևս 12 հիվանդի է տեղափոխել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից ևս 12 բուժառու է տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել en ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում։

5 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 241 հիվանդ։

Sputnik Արմենիա