Իրանն ու Ադրբեջանը նոտաներ են փոխանակել

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Մուսավիին կանչել են արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Իրանը նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում հակաիրանական հրապարակումների և հոդվածների կանխման նպատակով միջոցեր ձեռնարկելու համար։

Հաջիզադեի խոսքով՝ ապրիլի 3-ին ԱԳՆ-ն նոտա է ստացել Ադրբեջանում Իրանի դեսպանատնից։ Նույն օրը Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Իրանական կողմին տրվել է պատասխան նոտա։

«Ընդգծվել է, որ իրանական կողմի նոտայում ադրբեջանական լրատվամիջոցների մասին պնդումները օբյեկտիվ չեն։ Իրանական կողմին ներկայացվել է պատասխան նոտա, ինչպես նաև իրանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հակաադրբեջանական հոդվածների ցանկ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ Հաջիզադեի, Իրանի դեսպանին ասվել է, որ Ադրբեջանի, նրա պաշտոնյաների մասին վիրավորական, կեղծ, զրպարտիչ և կողմնակալ տեղեկատվությունը, ինչպես նաև Իրանի հասարակական և քաղաքական գործիչների հայտարարություններն ու ելույթները, որոնք պարբերաբար տարածվում են իրանական լրատվամիջոցներում, վնասում են երկու երկրների հարաբերություններին և խորացնում թյուրիմացությունը:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցներն Իրանին մեղադրել են պատգամավոր Ֆազիլ Մուստաֆի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։

News.am