ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐՐ Է

Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր տարր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորման համար։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Ինձ հաճախ են հարցնում ռուս խաղաղապահների նկատմամբ իմ վերաբերմունքի մասին։

Ես միշտ նույնն եմ ասում. ես խորապես համոզված եմ՝ այն, ինչ հիմա կատարվում է մեզ հետ այս շրջափակման և էթնիկ զտումների պայմաններում, այստեղ 2000 ռուս զինվորների և սպաների առկայությունն անվտանգության երաշխիքների շատ կարևոր տարր է։ Այո, թերի։ Այո, ցավոք, սահմանափակ մանդատով, քիչ թվով, թեթև զենքերով։

Բայց ես խորապես համոզված եմ, որ մեզնից շատ բան է կախված։ Եթե մենք կարողանանք որքան հնարավոր է համախմբվել, որքան հնարավոր է աշխարհին ցույց տալ, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում, որ ամեն ինչ անելու ենք հայրենի հողում ապրելու համար, վստահ եմ, որ և՛ համաշխարհային հանրությունը, և՛ Ռուսաստանը կանեն ամեն ինչ. որպեսզի խաղաղապահներն ավելի երկար մանդատ ունենան. որպեսզի խաղաղապահներն ավելի շատ զենք ունենան»,- ասել է Ռ. Վարդանյանը։

Ինչո՞ւ է Արցախի վերնախավին պակասում ինքնապահպանման բնազդը

Ինձ համար դժվարին հարցերից մեկն այն է, թե ինչու է Արցախի վերնախավին պակասում ինքնապահպանման բնազդը, ասաց Ռուբեն Վարդանյանին:

«Որովհետեվ, իսկապես, նման ծանր ճգնաժամի պայմաններում ակնհայտ է, որ հաջողության հասնելու միակ շանսը սեփական բոլոր մանր վեճերը, բոլոր դժգոհություններն ու հակասությունները մոռանալն է և համախմբվելը, որպեսզի միասին ուժ լինենք արտաքին թշնամու, արտաքին սպառնալիքի դեմ։ Ցավոք, դա այստեղ չի աշխատում: Միգուցե այն պատճառով, որ սա շարունակվում է արդեն 35 տարի, և մարդկանց մեջ  սովորույթ ու հոգնածություն է կուտակվել: Միգուցե այն պատճառով, որ յուրաքանչյուրն ինքն իրեն մտածում է, որ  հնարավորություն ունի ինչ-որ կերպ՝ յուրովի լուծել հարցը, թեև սա պատրանք է։ Ես խորապես համոզված եմ, որ սա մարտահրավեր է, որպեսզի մենք բոլորս՝ ներսում գտնվողներս, հասկանանք, որ միայն միասին կարող ենք հաղթահարել այս ծանր ճգնաժամը»,- կարծում է Վարդանյանը։

Արցախում տասը տարի առաջ ուժեղ իշխանություն կար

Վաղուց արդեն, ես ու Վերոնիկան հայտարարել էինք, որ մեր ունեցվածքի 90%-ը չենք թողնելու մեր երեխաներին, այլ ծախսելու ենք աշխարհն ավելի լավը դարձնելու վրա, - հայտարարեց Արցախի նախկին պետնախարարը։

«Այս 15 տարիների ընթացքում մենք դա անում էինք մեր ընկերների, գործընկերների հետ միասին՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում ,և՛ Ռուսաստանում։ Շատ ուղղություններում՝ կրթության, մշակույթի, առողջապահության, տեխնոլոգիաների, հումանիտար ոլորտում: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց շատ բան անել։ Ցավոք, միգուցե ավելին էր պետք անել, բայց վստահ եմ, որ միայն այսպես՝ ինքն իր հետ հաշտ, պետք է ապրի մարդը, ով հավատում է, որ բարին հաղթում է չարին»,- նշել է Վարդանյանը։

Պատասխանելով Telegram-ի օգտատերերի հարցին, թե ինչու «10-ը տարի առաջ չփրկեց Արցախը», Վարդանյանը նշել է, որ ինքն «ամենևին փրկիչ չէ»: «Ես մարդ եմ, ով չի հավատում փրկիչներին, այլ՝ լիդերներին: Լիդերներին, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել, առաջ գնալ, առաջնորդել ժողովրդին։ 10-ը տարի առաջ այլ իրավիճակ էր, Արցախում կար ուժեղ իշխանություն, որն իր ձևով կերտեց այն երկիրը, որը ճիշտ էր համարում արցախցիների ապագայի համար։ Ես հավատում էի դրան, օգնում էի նրանց, համարում էի, որ լավ, ճիշտ քայլեր կային։ Միգուցե իմաստնությունը, գիտելիքը, ինֆորմացիան բավարար չէին։ Բայց ամեն դեպքում՝ ես համոզված եմ, որ մեկ փրկիչ չի կարող լինել։ Մենք պետք է ազնվորեն առերեսվենք ճշմարտությանը, նայենք, թե ինչ է կատարվում մեզ հետ. վերլուծենք, քննարկենք, չվախենանք քննադատելուց, բայց դա անենք կառուցողական՝ ավելի լավ ապագա կերտելու համար, այլ ոչ թե անընդհատ հետ նայենք»։

News.am-ի նյութերով