«Ժողովուրդ»․ «ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈՅԻ» ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԸ 2 ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդության հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարացրել է գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» կալանքի ժամկետը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Նշենք, որ ԱԱԾ-Ն նրան կրկին կալանավորել էր հունվարին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում:

Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։

2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Sputnik Արմենիա