«Ժողովուրդ». «ՔՊ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին և հատկապես Արթուր Հովհաննիսյանը:
Իսկ ո՞վ է նա և ինչպե՞ս երեկ աչքի ընկավ: Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:
Եվ, ահա, ապօրինի թմրաշրջանառության հետ կապված գործի շրջանակներում ոստիկանություն տարված Արթուր Հովհաննիսյանը երեկ նիստում խուլիգանական պահվածք դրսևորեց, խոսեց սպառնալից կերպով, և սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա հանձնաժողով էր առաքվել հենց այդ նպատակով: Ահա մի քանի դրվագներ. «Դուք ինձ լավ անելուց չեք տեսել», «Սրան ռադ արեք, թող գնա ստեղից», «Համը չհանես, խելոք նստի, ելույթդ կարդա», «Լեզուն կկտրեմ, ով կհամարձակվի անվանարկել մեր ժողովրդին»:
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրա այս պահվածը հիշեցնում է, օրինակ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին, Վարդան Այվազյանին, Ռուբեն Հայրապետյանին, Մանվել Գրիգորյանին և մյուսներին, որոնց ժամանակին քննադատում էր նաև լրագրող Արթուր Հովհաննիսյանը, որն իր հերթին նոր անդաստիարակություն է դրսևորել, և այս փաստը պետք է անհետևանք չմնա»: