«Հրապարակ». ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՓՈՂԸ ՈՐՏԵՂ ԾԱԽՍԵՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը 12 մլն 180 հազար դրամով «Մեդիա սիսթեմս» ՍՊԸ-ից հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ է գնել։ Այդ գումարով ընկերությունը պետք է հաղորդումներ հեռարձակի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հայաշատ լսարանների համար։

Թե ինչ բովանդակությամբ հաղորդումներ է պատրաստվում սփյուռքի համար պատրաստել վարչապետի աշխատակազմը, գնման պայմանագրում չի նշվում։ Եվս 7 մլն 290 հազար դրամ վարչապետի աշխատակազմը փոխանցել է «Ար և Արտ» ՍՊԸ-ին, որն էլ պետք է ուղիղ եթերների ապահովման ծառայություն մատուցի վարչապետի աշխատակազմին։

Հետաքրքիր է, որ վարչապետի աշխատակազմի ուղիղ եթերներն ապահովում էր Հանրային հեռուստաընկերությունը, բացի այդ՝ նման հնարավորություններ ունի նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որին խոշոր դրամաշնորհներ են տրամադրվում, իսկ հիմա էլ վարչական շենքն են վերանորոգում։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը նախորդ տարի թանկարժեք «լայվի» սարք էր ձեռք բերել։

Հարց է առաջանում, թե ինչու են պետության համար այսպիսի սարքեր ձեռք բերվում, աշխատավարձեր վճարվում, եթե այդ ծառայությունները հետո մասնավոր ընկերություններին պետք է պատվիրեն»:

News.am