Մակրոն․ Չինաստանը պետք է «կարևոր դեր խաղա» Ուկրաինայում խաղաղության ուղիների որոնման հարցում
Չինաստանը պետք է «կարևոր դեր խաղա» Ուկրաինայում խաղաղության ուղիների որոնման հարցում։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ սկսելով եռօրյա այցը Պեկին, տեղեկացրել է France24-ը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից առաջ ելույթ ունենալով Պեկինում ֆրանսիական համայնքի ժողովում՝ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ջանալու է աշխատել Չինաստանի հետ Ուկրաինայում «խաղաղության և կայունության ընդհանուր պատասխանատվության գործում»։
«Չինաստանը Ռուսաստանի հետ իր սերտ հարաբերություններով, որոնք հաստատվել են վերջին օրերին, կարող է կարևոր դեր խաղալ»,- ասել է նա՝ նշելով Պեկինի հայտարարած անհամաձայնությունն Ուկրաինայում միջուկային զենքի չօգտագործման, ինչպես նաև Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության նրա առաջարկի մասին։
Ֆրանսիայի նախագահի չորս տարում առաջին ուղևորությունը Չինաստան կապված է Ուկրաինայում հակամարտության հետ, իսկ նրա գրասենյակի պաշտոնյան լրագրողներին ասել է, որ նա փորձելու է «ամուր կանգնել» Սիի հետ բանակցություններում։
Մակրոնի նպատակներից է նաև Եվրոպայի հետ Չինաստանի առևտրային կապերի հավասարակշռության պահպանումը և փոփոխությունը, ինչպես նաև Ֆրանսիայի շահերի պաշտպանությունն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
«Մենք չպետք է առանձնանանք Չինաստանից»,- ասել է Մակրոնը Պեկինի ֆրանսիական համայնքին՝ հայտարարելով, որ Ֆրանսիան «ստանձնում է Չինաստանի հետ առևտրային կապերը շարունակելու պարտավորություն»։
Մակրոնն իր ուղևորությունը Չինաստան և Ուկրաինային աջակցությունը հեռախոսազրույցում քննարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ այցի նախօրեին, տեղեկացրել է Սպիտակ տունը։
Զրույցը ցույց է տվել «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ընդհանուր կամքը՝ գրավելու չինացիներին, որպեսզի մեզ հետ միասին արագացվի պատերազմի ավարտն Ուկրաինայում և հաստատվի կայուն խաղաղություն»,- ասել են Մակրոնի գրասենյակում։
News.am