Դավիթ Բաբայան․ Ադրբեջանցիները ծաղրել և վիրավորել են Արցախ մեկնող կանանց և երեխաներին

Ադրբեջանցիները ծաղրել ու վիրավորել են Արցախ մեկնող կանանց ու երեխաներին։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով նախորդ օրը տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել Լաչինի միջանցքով անցնել Արցախ մեկնող երեխաներին ու կանանց։

«Շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Զինված ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներին և կանանց տեղափոխող մեքենան, որոնցից մի քանիսն առողջական խնդիրներ են ունեցել։ Նրանք մեքենայից դուրս են հանել ուղևորներին, սկսել են ծաղրել, անպարկեշտ արտահայտվել և սպառնալ նրանց։

Արդյունքում մի քանի կանանց ինքնազգացողությունը վատացել է և բժշկական օգնություն է պահանջվել։ Ես հակված եմ կարծելու, որ ադրբեջանցիները հատուկ են այնպես արել, որ բժշկի օգնություն անհրաժեշտ լինի։ Նրանք նախօրոք պատրաստվել են, որպեսզի «շտապ օգնություն» կանչեն և այնուհետ ամբողջ աշխարհով բարձրաձայնեն, որ «մարդկանմց են փրկում»։ Այսինքն՝ միտումնավոր վիրավորել են և ահաբեկել։ Ադրբեջանը չի էլ մտածել փոխել իր քաղաքականությունը արցախցիների նկատմամբ։ Հայերի նկատմամբ ատելությունը բարձրացվել է պետական ​​քաղաքականության և նույնիսկ կրոնի աստիճանի։

Զզվելի է ահաբեկել կանանց, որպեսզի հետո օգտագործեն քարոզչական նպատակներով։ Կրկնում եմ՝ մեքենայում եղել են անզեն երեխաներ ու կանայք, տարեցներ»,- շեշտել է Դավիթ Բաբայանը։