Շվեդիայում դատարանը չեղարկել է Ղուրանի այրման հետ կապված ակցիայի ոստիկանական արգելքը

Շվեդիայում դատարանը չեղարկել է Ղուրանի այրման հետ կապված երկու ակցիաների ոստիկանական արգելքը, այն դեպքում, երբ հինգ ենթադրյալ իսլամիստներ ձերբակալվել էին դավադրության կասկածանքով, որի նպատակն էր «ահաբեկչական գործողությունը՝ համանման ցույցի հետ կապված», տեղեկացրել է Agence France-Presse-ը։

Հունվարին իսլամի սուրբ գրքի այրումը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանության մոտ զայրույթ էր առաջացրել մուսուլմանական աշխարհում, դարձել առիթ, որպեսզի մի քանի շաբաթ տեղի ունենան բողոքներ, հնչեն շվեդական ապրանքների բոյկոտի կոչեր, ինչպես նաև սառեցվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։

Շվեդիայի գերագույն վարչական դատարանը չեղարկել է ոստիկանության որոշումը՝ արգելելու Ղուրանի այրման հետ կապված հաջորդ երկու ակցիաները, հայտարարելով, որ անվտանգության նկատառումները բավականաչափ լուրջ չէին, որպեսզի սահմանափակվեր ցույցեր անցկացնելու իրավունքը։

«Ոստիկանական մարմինները բավականաչափ հիմքեր չեն ունեցել իրենց որոշումների համար»,- ասել է դատավոր Եվա Լոտա Հեդինը։

Շվեդական ոստիկանությունը հրաժարվել էր փետրվարին արտոնել Ղուրանի այրումը Ստոկհոլմում Թուրքիայի և Իրաքի դեսպանությունների մոտ՝ հայտարարելով, որ բողոքի հունվարյան ակցիան Շվեդիան «գրոհների առաջնահերթ թիրախ է դարձրել»։

News.am