Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին
Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ. Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված 27 հայ քաղաքացիական անձ, այդ թվում՝ տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ գրունտային էքստրեմալ ճանապարհով ապրիլի 4-ին Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ: Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալներն արգելել են քաղաքացիական անձանց տեղափոխությունը: Ադրբեջանցիները նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետևանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ն ուշաթափվել են: Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Մյուս քաղաքացիական անձինք՝ 23 հոգի, վերադարձել են Գորիս:
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, օգտագործում են բոլոր անթույլատրելի և հանցավոր միջոցները՝ գործադրելու էմոցիոնալ և հոգեբանական բռնություն արցախահայության նկատմամբ: Նպատակ են հետապնդում ամեն կերպ հայաթափել Արցախը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններով միջազգային բոլոր գործընկերներից պահանջել Է հրատապ արձագանք և հասցեական գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործությանը: Միաժամանակ խնդրել է կրկին գործադրել միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման ուղղությամբ:
Parliament.am