Սյունիքի մարզում 40 նոր կրթահամալիրներ են ստեղծվում, մեկը` Տեղ գյուղում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում որոշեց ավելի քան 440 մլն դրամ հատկացնել Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար:
Ընդհանուր առմամբ, ներկայումս նախատեսվում է Սյունիքի մարզում ստեղծել թվով 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս 7 խոշորացված համայնքում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Կառավարության որոշմամբ հերթական քայլն է արվում Կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ու նախակրթարանի վերակառուցման, կառուցման ու հիմնանորոգման ուղղությամբ: Նրա խոսքով՝ մեծածավալ ծրագրի շրջանակներում մի քանի ուղղությամբ են աշխատանքներն ընթանում: Կարևոր ուղղություններից մեկը գյուղական փոքր բնակավայրերում կրթության որակի բարելավումն է ու այդ նպատակով նոր ենթակառուցվածքների ձևավորումը:
«Ներկայացված նախագծով նախատեսվում է ստեղծել 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի 7 խոշորացված համայնքում: Որոշման նախագծով նախատեսվում է, որ այս նպատակով կբվերաբաշխվի 440 մլն 290 հազար դրամի չափով գումար, որը կուղղվի կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապմանը և փորձաքննությանը: Ընդհանուր առմամբ կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնց կառուցումն սկսվել էր ավելի վաղ, և Տեղի թիվ մեկ դպրոցը, որի շենքային պայմանները լավ վիճակում են, վերափոխվելու է կրթահամալիրի»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Նա տեղեկացրեց, որ նույն աշխատանքները շարունակվում են մյուս մարզերում. «Արդեն ավարտել ենք այցերը Արարատի և Կոտայքի մարզերում. առաջիկա երկու ամսում պատկերը կամբողջանա բոլոր մարզերի գծով: Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ 300 դպրոցի ծրագրով մենք կնախագծենք և կկառուցենք շուրջ 150 կրթահամալիր գյուղական բնակավայրերում, ինչը թույլ կտա ամբողջությամբ կարգավորել փոքր գյուղական բնակավայրերում որակյալ կրթության հասանելիության հարցը»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տնտեսական բնույթի զարգացման ծրագրերը պետք է լինեն հենց կրթահամալիրների, հենց դպրոցների շուրջ, և այդ դպրոցներն ու առողջապահության առաջնային պահպանման օղակները պետք է դառնան գյուղերի և բնակավայրերի զարգացման անկյունաքարը: Խոսքը վերաբերում է բոլոր այն բնակավայրերին, որտեղ մենք նախատեսում ենք մոդուլային դպրոցներ:
News.am