ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ՝ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ 5G ՑԱՆՑԸ
Վիվա-ՄՏՍ-ն ազդարարել է Երևանում իր՝ 5G ցանցի գործարկման մասին: Նոր սերնդի ցանցն առաջինն է Հայաստանում: 5G ցանցի գործարկումը լիովին համահունչ է Վիվա-ՄՏՍ-ի երկարաժամկետ ծրագրերին. ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է շարունակաբար ընդլայնվող հնարավորություններ, ինչպես նաև՝ նպաստում է ազգային տնտեսության զարգացմանը:
Վիվա-ՄՏՍ-ի կողմից Հայաստանում 5G ցանցի զարգացումը կիրականացվի փուլ առ փուլ:
5G-ն բջջային ցանցերի ամենանորարար տեխնոլոգիան է աշխարհում: Սմարթֆոն և բջջային սարքեր օգտագործողներին 5G ցանցն առաջարկում է առավել բարելավված հնարավորություններ: Այս տեխնոլոգիայով աշխատող ցանցը կծառայի որպես առանցքային ենթակառուցվածք՝ Հայաստանի տնտեսության խթանման համար: Ինչպես ամենուր աշխարհում, 5G-ն հնարավորություն է տալիս զարգացնելու իրերի ինտերնետի տեխնոլոգիաները (IoT)՝ սահուն կերպով միմյանց միացնելով միլիոնավոր սարքեր, թույլ տալով փոխանակել տվյալներ՝ միասնական ցանցով: 5G-ն կխթանի թվային ապագան և առանցքային դեր կխաղա թվային տնտեսության զարգացման համար՝ չսահմանափակվելով այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են բժշկությունը/հանրային առողջապահությունը, տրանսպորտը, լոգիստիկան, Արհեստական բանականությունը (AI), M2M /մեքենայից մեքենա/ կիրառությունները, հավելվածների առավել արդյունավետ օգտագործումը, ամպային տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, քաղաքաշինությունը և քաղաքների զարգացումը, սմարթ գյուղատնտեսությունը և բազում այլ ոլորտներ: 5G տեխնոլոգիայի ներդրումը կնպաստի ՏՀՏ ոլորտի հետագա զարգացմանը Հայաստանում:
5G ցանցն այս պահի դրությամբ հասանելի է Երևանի փոքր կենտրոնում՝ առաջիկայում ընդլայնվելու հեռանկարով: 5G ցանցն առանցքային ենթակառուցվածք է աշխարհի քարտեզում երկրի վարկանիշի բարձրացման և ներդրումների ներգրավման առումով:
Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեությամբ վերահաստատում է Հայաստանում հեռահաղորդակցության բնագավառում նորարարությունների առաջատարը լինելու փաստը: Մասնավորապես՝ 2009 թվականին, Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջինն է գործարկել 3G/UMTS/HSPA ցանցը: 2010-ի դեկտեմբերին ընկերությունը դարձյալ առաջինը Հայաստանում, գործարկել է 4G/LTE ցանցը, ինչի շնորհիվ մեր երկիրը դարձել է այդ ցանցը կիրառող՝ աշխարհի տասն առաջադեմ երկներից մեկը: 5G ցանցի գործարկումը ևս ընկերության նորարարությանը միտված ռազմավարության տրամաբանության շրջանակում է:
«Հայաստանում բաժանորդներին հասանելի 5G ցանցի գործարկմամբ՝ Վիվա-ՄՏՍ-ը վերահաստատում է երկրում տեխնոլոգիական առաջատար լինելը: Ցանցի հետ համատեղելի սմարթֆոններ օգտագործողները հնարավորություն կստանան զգալու նոր տեխնոլոգիայի բոլոր առավելությունները՝ հատկապես մեծածավալ բովանդակություն ներբեռնելիս, տեսանյութեր դիտելիս և հեռարձակելիս, ամպային խաղեր խաղալիս կամ պարզապես արագ Wi-Fi ցանց սփռելիս», - նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: «Վիվա-ՄՏՍ-ի համար նորարարություններն ամենևին ինքնանպատակ չեն: Մենք պարզապես անում ենք այն, ինչ պետք է անենք: 5G-ն բաժանորդների հանդեպ մեր վերաբերմունքի դրսևորումն է, քանի որ մեր բաժանորդներն արժանի են ստանալու լավագույն ծառայությունները և լուծումները: Միևնույն ժամանակ, 5G-ն ինչպես և մեր մյուս ձեռքբերումներն ու նվաճումները, թիմային ոգու և քրտնաջան և աշխատանքի արդյունք է, որի համար շնորհակալություն եմ հայտնում մեր ընկերության աշխատակիցներին»:
«Apple Inc.» ընկերությունը համապատասխան կարգաբերումներ է արել 5G տեխնոլոգիայի հետ համատեղելի սմարթֆոնների համար, որպեսզի օգտագործողները հնարավորություն ունենան օգտվելու Վիվա-ՄՏՍ-ի 5G ցանցից: Դրա համար՝ Apple հեռախոսը նախ պետք է համատեղելի լինի 5G տեխնոլոգիայի հետ: 5G ցանցը հասանելի է iOS 16.4 թարմացմամբ Apple հեռախոսների համար: Մյուս առանցքային մատակարարների հետ բանակցություններն ընթացքի մեջ են:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։