Սի Ծինփին․ Ուկրաինական ճգնաժամում միջուկային զենքի կիրառումը անթույլատրելի է
Չինաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ միասին համաշխարհային հանրությանը հորդորել թույլ չտալ միջուկային զենքի կիրառում և հարձակումներ քաղաքացիական միջուկային օբյեկտների դեմ՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում, հինգշաբթի ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Պեկինում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների հիման վրա։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ՝ միջազգային հանրությանը հորդորելով գործով կատարել հանդիսավոր խոստումը միջուկային զենք չկիրառելու և միջուկային պատերազմներ չվարելու մասին, դեմ արտահայտվել կենսաբանական և քիմիական զենքի կիրառմանը ցանկացած պարագայում, զինված հարձակումներին ատոմային էլեկտրակայանների և քաղաքացիական միջուկային այլ օբյեկտների դեմ»,- Չինաստանի նախագահի խոսքերը մեջբերել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշելով, որ աշխարհն այսօր խոր պատմական վերափոխման է ենթարկվում, Սին ասել է, որ Չինաստանը և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են և խոշոր երկրներ, որոնք ունեն անկախության ավանդույթներ, փոխանցել է «Սինհուան»։
«Չինաստանը և Ֆրանսիան բազմաբևեռ աշխարհի և միջազգային հարաբերություններում ավելի շատ դեմոկրատիայի հավատարիմ կողմնակիցներն են։ Մենք հնարավորություն և պատասխանատվություն ունենք՝ վեր կանգնել տարաձայնություններից և խոչընդոտներից, հավատարիմ մնալ համապարփակ ռազմավարական գործընկերության ընդհանուր ուղղությանը, որը կայուն և փոխշահավետ ուղղություն է, և գործի դնել իսկական բազմակողմանիություն՝ հանուն գլոբալ խաղաղության, կայունության և բարգավաճման»,- ասել է նա։
News.am