ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու իշխող կուսակցության ամենախորշելի պատգամավորներից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրեց իր էությամբ սենսացիոն հայտարարություն, որը գործնականում աննկատ մնաց։ Ինչը սկզբունքորեն միանգամայն հասկանալի է. թուրքամետ ռեժիմի թեթև ձեռքով նման «սենսացիաներ» հնչում են ամեն օր և նույնիսկ օրական մի քանի անգամ։ Այդուհանդերձ Քոչարյանի ասածը բովանդակում էր միանգամից մի քանի կարևոր մեսիջներ, այդ թվում՝ «ապագա կա» հանրահայտ թեզի համատեքստում իշխանության մտադրությունները հասկանալու տեսանկյունից։

Եվ այսպես, ի՞նչ ասաց անցած դարի 80-ականների վերջից և 90-ականների սկզբից մեկնարկած քրեական հարուստ անցյալ ունեցող սույն «բազում տերերի ծառան», որը աղմկալի սկանդալների կենտրոնում բազմիցս հայտնվել է նաև մեր օրերում: Արժե մեջբերել ամբողջությամբ:

«Սյունիքում տեղացիներին հաջողվում է առանց բանակի ներգրավման կանխել ադրբեջանցիների ոտնձգությունները հայկական հողերի նկատմամբ։ Այս օրերի ընթացքում Ադրբեջանը փորձել է խախտել Հայաստանի սահմանը տարբեր հատվածներում, բայց այդ գյուղի (Տեղ) բնակիչները կարողացել են առանց բանակի միջամտության կանխել այդ ցանկությունը։ Խոսքը նրանց դրոշի, մեր դրոշի տեղադրման մասին էր և այլն, և այլն։ Այսինքն մեր գյուղերի բնակիչներն իրենց ուժերով այս պահի դրությամբ կարողանում են իրենց իրավունքները իրացնել տվյալ տարածքների նկատմամբ»,- ասաց Քոչարյանը։

Նա հավելեց, որ իրազեկ կառույցների ներկայացուցիչները, այն է՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը և ՊՆ հակահետախուզությունը, երեկվա դրությամբ ունեն արձանագրած նոր իրողություններ, որոնց մասին, հավանաբար, վաղը կլինի ավելի հստակ տեղեկատվություն, «սա կարձանագրի նոր իրավիճակ, ենթադրում եմ`բարենպաստ իրավիճակ»։ Իսկ դիրքերը բարելավելու-կորցնելու վերաբերյալ Քոչարյանը հայտարարեց. «Այդ հարցը անընդհատ հրմշտոցի մեջ է լինելու, քանի դեռ չի լուծվել սահմանազատման և սահմանագծման հարցը» (Newsarmenia.am)։

Այսինքն երկրի պաշտպանության և նրա սահմանների ու քաղաքացիների անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարում է, թե.

- սահմանամերձ գյուղերի և այնտեղ ապրող ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը հենց քաղաքացիների գործն է, և բանակն այնտեղ անելիք չունի,

- ադրբեջանական զինված ուժերը ոտնձգություն են կատարում հայկական հողերի նկատմամբ և ցանկանում այնտեղ տեղադրել իրենց դրոշները, բայց ՀՀ իշխանությունները իրենց պարտքն ու պարտականությունը չեն համարում հակահարված տալ ագրեսորին,

- ադրբեջանական զինված ուժերը փորձում են թույլ չտալ ՀՀ քաղաքացիներին տեղադրել պետական դրոշը ՀՀ ինքնիշխան տարածքում, բայց պետության մտքով անգամ չի անցնում միջամտել և աջակցել սեփական քաղաքացիներին,

- Հայաստանի զինված ուժերը կարող են չպաշտպանել ՀՀ սահմանները, քանի որ այդ գործը գերազանց կատարում է անզեն քաղաքացիական բնակչությունը,

- ՀՀ քաղաքացիների և նրա տարածքները բռնազավթած ադրբեջանցիների միջև ընդհարումները շարունակվելու են, բայց կառավարության պետքը չէ, քանի որ վստահ չէ, թե նշված տարածքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և չի համարում, որ Ադրբեջանը բռնազավթել է դրանք, թեև «հրմշտոցը» տեղի է ունենում միջազգայնորեն ճանաչված, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի անդամ երկրի տարածքում:

Մարտի 31-ից, երբ հասարակությունը հերթական անգամ ցնցված էր Տեղ գյուղի շրջանում ադրբեջանական զինուժի առաջխաղացման մասին սահմանից եկող լուրերից, անցել է 6 օր։ Տեղի ունեցածի՝ ցանկացած ինքնիշխան երկրի համար աննախադեպ միջադեպի մասին եղավ ընդամենը մեկ պաշտոնական հաղորդագրություն. ԱԱԾ-ի կողմից, որը տեղեկացրեց թշնամու ներխուժման և 100-300 մետր առաջխաղացման մասին, ինչպես նաև մշուշոտ ակնարկեց «իրավիճակի բարելավման» մասին։ Չհստակեցնելով, թե հատկապես ում համար է իրավիճակը բարելավվել, ինչը, հաշվի առնելով ներկայիս իշխանությունների հակահայկական բնույթը, բավական էական հարց է։

Իրադարձությունների վայր են մեկնել պատգամավորներ, փորձագետներ, պատերազմում զոհված զինվորների մայրերի խումբը: Նրանք բոլորը հայտնում են բացարձակ անթույլատրելի իրավիճակի և իրականությանը պաշտոնական հաղորդագրության անհամապատասխանության մասին։ Փորձագետները հրապարակում են քարտեզներ՝ թշնամու առաջխաղացման նշումով, և զգուշացնում. իրավիճակը հղի է միանգամայն կանխատեսելի հետևանքներով:

Եվ նրանք բոլորը միասին ահազանգում են, համառորեն կրկնելով, որ իրավիճակը չափազանց վտանգավոր է և անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել, քանզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հայտնվել են անհուսալի վիճակում. նրանք զրկված են պետության պաշտպանությունից և միայնակ են մնացել թշնամու առջև։ Ականատեսներն ու տեղի բնակիչներն իսկապես հայտնում են սահմանամերձ գյուղերի բնակիչների և ադրբեջանցիների միջև ձեռնամարտերի մասին, ինչը հիրավի անհեթեթ է հնչում... Ասես վերադառնում են ֆիդայիների ժամանակները, երբ անկախացած Հայաստանը դեռ չուներ կանոնավոր Ազգային բանակ, և երկրի սահմանների պաշտպանությունը դրված էր խաղաղ բնակչության և ազատամարտիկների ջոկատների ուսերին:

Եվ միայն իշխանության ներկայացուցիչները, նույն Քոչարյանը՝ որպես խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովի ղեկավար, պաշտպանության նախարարը (որն ընդհանրապես չքացել է վերջին օրերին), նրա տեղակալները, գլխավոր շտաբի պետը, ԱԱԾ ղեկավարը և այլ պաշտոնյաներ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն և պատասխանատու են պաշտպանության ու անվտանգության համար, մտքով անգամ չեն անցկացնում մեկնել Սյունիք ու ամեն ինչ տեսնել սեփական աչքով։ Այն մասին, որ այնտեղ պարտավոր էր գնալ ինքը՝ «գերագույն գլխավոր հրամանատարը», արդեն խոսելն անգամ ավելորդ է։ Դե, իհարկե, «Անդոն» Քոչարյանը նույն հարցազրույցի ընթացքում նախապես արդարացավ, թե իբր՝ անձամբ չի մեկնում սահման, որովհետև զբաղված է 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովում և, հավելենք, «11 հազար դասալիք» ու «հինգերորդ շարասյուն» է փնտրում ռեժիմի պարագլխի ու նրա կնոջ անմիջական հրահանգով։

Ցավոք, Հանրային հեռուստաընկերությունում Քոչարյանին չտվեցին և չէին էլ համարձակվի տալ այն հարցը, թե՝ իսկ դուք ընդհանրապես ինչի՞ համար եք. կառավարությունը, ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ԱԺ հանձնաժողովը և խորհրդարանն ընդհանրապես, եթե տեղացիներն իրենք են «գլուխ հանում»։ Ինչի՞ դիմաց եք մեծ գումարներ ստանում՝ պարգևավճարներով հանդերձ, ու նստում տաք ու հարմարավետ աշխատասենյակներում, և այդ ամենը հարկատուների, այդ թվում՝ Տեղ և սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչների հաշվին, եթե քաղաքացիները, չունենալով ո՛չ զենք, ո՛չ էլ պայքարի այլ միջոցներ, իրենք են ստիպված պաշտպանվել թշնամու մինչև ատամները զինված կանոնավոր բանակից։

Ո՞ւմ եք պետք դուք ընդհանրապես, ո՞ւր են գնում բանակին, պաշտպանության նախարարությանը, ԱԱԾ-ին հատկացվող ահռելի միջոցները, եթե ՈՉ ՈՔ չի պաշտպանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թողնելով նրանց բախտի քմահաճույքին և թույլ տալով, որ թշնամին առաջ շարժվի երկրի տարածքում այնքան, որքան պետք է իրեն, ամրություններ կառուցի և դիրքեր զբաղեցնի այնտեղ, որտեղ հարմար ու ձեռնտու է իրեն։ Իսկ մտահոգում է դա միայն տեղի բնակիչներին, որոնք հայտնվել են ագրեսորի ուղիղ նշանառության տակ, բայց կառավարությունը թքած ունի ամեն ինչի վրա, քանի դեռ «չի լուծվել սահմանազատման և սահմանագծման հարցը»…

Գուցե «Անդոն» Քոչարյանը տեղյա՞կ չէ, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ինչպես վկայում է միջազգային պրակտիկան, տևում է մի քանի տարի, շատ հաճախ՝ տասնամյակներ։ Եվ ողջ այդ ընթացքում, նրա տրամաբանությամբ, շարունակվելու է «հրմշտոցը», իսկ երկրի սահմանների միակ պաշտպանը լինելու են հենց տեղի բնակիչները, բայց բնավ ոչ հայկական բանակը։ Ո՞ւմ է ընդհանրապես պետք նա՝ բանակը, ըստ Քոչարյանի տրամաբանության, եթե քաղաքացիական բնակչությունը լիովին հաղթահարում է խնդիրը։ Իսկ եթե, Աստված մի արասցե, այդ «հրմշտոցներից» մեկի ժամանակ թշնամին զենք կիրառի, ո՞վ է մեղավոր լինելու։ ԵՄ առաքելությունը, ՀԱՊԿ-ը, «հինգերորդ շարասյունը», «դասալիքները», թե՞ տեղի բնակչությունը, որը համառորեն շարունակում է ապրել այն հողի վրա, որը երկրի ղեկավարությունը չի համարում հայկական…

Մեղավոր կլինի ով ասես, բայց ոչ իրենք... Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Պապիկյանը, ո՛չ Աբազյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Ասրյանը. դե, ի՞նչ կապ ունեն իրենք առհասարակ Հայաստանի պաշտպանության հետ, եթե դա բացառապես տեղի բնակչության գործն է:

Այդ մարդկանց համար սուտ խոսելը շնչելու պես հեշտ է, նրանք հերետիկոսություն են բարբաջում առանց աչքը թարթելու: Եվ կողքից դիտողի մոտ կարող է զգացողություն առաջանալ, թե նրանք այլևս չեն զգում՝ որքան հեռուն են գնացել: Բայց դա բացարձակ թյուր զգացողություն է: Իրականում ամեն ինչ հստակ և խորապես մտածված է այս հակահայկական խաղում, և Քոչարյանի արտաքուստ անհեթեթ խոսքերի մեջ թաքնված է հեռուն գնացող մեսիջը. իսկ մեր ինչի՞ն է պետք առհասարակ բանակը։ Ինչո՞ւ պիտի պաշտպանենք այն սահմանները, որոնք դեռ չկան։ Ինչո՞ւ պաշտպանենք այն հողերը, որտեղից հայերը, հավանաբարիրենց՝ իշխանությունների համար միանգամայն ցանկալիորեն), ստիպված են լինելու հեռանալ, թողնելով ամայի տարածքներ, որոնք իսկույն կզբաղեցնեն թուրքերը։ Ումի՞ց պիտի պաշտպանվենք, եթե մենք բոլորի հետ խաղաղության պայմանագրեր ենք կնքելու, ուրանալու ենք Արցախը, ձեռքի հետ էլ՝ Հայաստանը, որպեսզի տարածաշրջանում համընդհանուր բարօրություն տիրի։

Ի դեպ, Քոչարյանի խոստացած «վաղը», այսինքն ապրիլի 5-ը եկավ ու անցավ, իսկ ԱԱԾ-ն մտադիր էլ չէ «ավելի հստակ տեղեկատվություն հաղորդել ավելի բարենպաստ իրավիճակի մասին»: Երևի ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել, թե ում համար է իրավիճակը դարձել «ավելի բարենպաստ»…