Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՖՈՒՏԲՈԼԻ ԳՆԴԱԿԻ Է ՎԵՐԱԾԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ. ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ Ե՛Վ ՌԴ-ԻՑ, Ե՛Վ ԱՄՆ-ԻՑ
Երեկ առավոտյան լուր տարածվեց, որ Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ գլխավորած ու Ռուսաստանի դեմ ուղղված «Defender 23» զորավարժությանը։ Ներգրավված է լինելու ավելի քան 20 պետություն։ Երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանին հանել են զորավարժությանը մասնակցողների ցուցակից։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունից այսօր առավոտյան «պարզաբանում» են տվել այս թեմայով՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչպես Հայաստանը հայտնվեց հակառուսական զորավարժության մասնակիցների ցանկում և ինչպես հետո դուրս բերվեց։ ՊՆ–ից միայն ասել են, որ առաջիկայում երկու այդպիսի միջոցառման են մասնակցելու։
«Թարգմանաբար» դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը հարվածներ է ստացել ու ստանալու և՛ ՌԴ–ից, և՛ ԱՄՆ–ից։
Արևմուտք–Ռուսաստան գլոբալ հակամարտության արանքում երկու կողմին էլ «այո» ասելու փաշինյանական քաղաքականությունը Հայաստանին վերածում է բախման թատերաբեմի։
Սա ցույց է տալիս, թե ինչպիսի արկածախնդրային է դարձել ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի գնդակի է վերածել մեր երկիրը․ ով հասնում հարվածում է ու փորձում հակառակորդին գոլ խփել այդ գնդակով»։