Էրդողանի գրասենյակից հայտնել են Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և նրա իրանցի գործընկեր Իբրահիմ Ռայիսին ուրբաթ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթի վրա Իսրայելի հարձակումներին, հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը: «Իսլամական աշխարհը պետք է միավորվի Պաղեստինում Իսրայելի հարձակումների դեմ»,-հայտարարել է Էրդողանը՝ կապված Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Ընդգծելով Պաղեստինում բռնության նոր շրջանը կանխելու համար «խելամիտ մտածողության» անհրաժեշտությունը՝ Էրդողանն ասել է, որ բոլոր կողմերին «ձեռնտու կլիներ առաջնորդվել ողջախոհությամբ»: Նա նաև կոչ է արել Ռայիսիին շարունակել ջանքերը միջազգային հարթակներում սրբավայրերի կարգավիճակի պահպանման ուղղությամբ ՝ սկսած Իսլամական համագործակցության կազմակերպությունից և Միավորված ազգերի կազմակերպությունից: Էրդողանը նաև ընդգծել է եվրոպական տարբեր քաղաքներում թուրքական դեսպանատների առջև «իսլամի սուրբ Ղուրան գրքի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների դեմ այդ միասնության ցուցադրման կարևորությունը», նշում են թուրքական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ տասնյակ պաղեստինցիներ են տուժել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելցի ուժայինների հետ բախումների ժամանակ: Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Ալ-Աքսայում իրականացված ռեյդի արդյունքում 350 մարդ է ձերբակալվել: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի գիշերը իսրայելական կործանիչներն ու տանկերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին՝ ի պատասխան հրեական պետության տարածքի վրա հրթիռների արձակման: Ուրբաթ գիշերը Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածը և Լիբանանը՝ հայտարարելով, որ իր թիրախը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն է՝ ի պատասխան երկու տարածքներից Իսրայելի ուղղությամբ արձակված մի քանի տասնյակ հրթիռների:
News.am