ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՇՆՉՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ՄԱՐՍԻ ՎՐԱ

Խելագարվել կարելի է. բանից պարզվում է՝ մեզանում կան «քաղաքացիական հասարակության կազմակերպություններ»։ 5 տարի շարունակ դրանց մասին ո՛չ լսում էինք, ո՛չ տեսնում, թեև իրենց քաղաքացիական դիրքորոշումը հրապարակավ արտահայտելու առիթներն առավել քան բավարար էին։ Իսկ հիմա հանկարծ «ծլեցին», պահանջելով «քննության առնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը էթիկայի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովում»։ Պարզվում է, մենք այդպիսի բան էլ ունենք։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ԱՍՎՈՒՄ Է. « ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են նախկին նախահեղափոխական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների արատավոր բարքերը…»։ Դե, շարունակությունը կարելի է չկարդալ, քանզի տպավորություն է ստեղծվում, թե այդ «քաղաքացիական հասարակության կազմակերպությունները» առնվազն վերջին 5 տարիներին ապրել են Մարսի վրա, իսկ հիմա վերադարձել են «արձակուրդից» և որոշել ասել իրենց ծանրակշիռ խոսքը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են նախկին նախահեղափոխական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների արատավոր բարքերը…». դե լա՜վ։ «Նախկիններն», իհարկե, քիչ մեղքեր չունեին, բայց կներեք, որևէ մեկը կոնկրետ օրինակներ կբերի՞, թե այդ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ե՞րբ են սպառնացել, թքել, մուրճ թափահարել, գոռացել, թե գլուխը կջարդեն, լեզուն ու ականջները կկտրեն։ Մի՞թե հենց «հեղափոխական» իշխանությունը չէր, որ հիմք դրեց ժողովրդի ու իր ընտրյալների միջև այդօրինակ շփմանը։ Ընդ որում հիմք դրեց հենց ամենագլխավոր «ընտրյալը», իսկ նրա թիմը ոգևորված խրախուսեց, և հիմա անպատժելիությունից արբեցած այդ անձինք, որ իշխանության բարձունք ցատկեցին փողոցից, ցուցաբերում են այնպիսի խուլիգանական վարքագիծ, որ նույնիսկ ամենախորշելի «նախկինները» երազում անգամ չեն տեսել։

Եվս մեկ բառակույտ. «Ափսոսանքով ենք արձանագրում, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները, իր վարքագծով արդարացնում է հակահասարակական վարվեցողությունը…»։ Ցանկանում եմ հիշեցնել, որ «պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթների» օրոք թշնամին չի ներխուժել մեր անկախ տարածք, չի շրջափակել Արցախի Հանրապետությունը (կայացած անկախ պետությունը, որի անվտանգության երաշխավոր էր հանդես գալիս Հայաստանը), ադրբեջանցիները չէին ներխուժում հայերով լի ավտոբուսներ՝ պահանջելով ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, և այլն։ Սակայն այդ մասին՝ ստորև…

Մինչդեռ խոսնակի խայտառակ պահվածքը (իսկ որ այն իրոք խայտառակ է, ոչ ոք չի վիճում) այնպես գրգռեց իրավապաշտպան կազմակերպություններին, որ նրանք առանձին-առանձին ու խմբովի սկսեցին զայրանալ և պահանջել, որ Ալեն Սիմոնյանը պատաrխանատվության ենթարկվի։ Իր գրոշը ներդրեց նաև Դանիել Իոննիսյանի գլխավորած «Իրազեկ քաղաքացիների միավորումը», հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով Գլխավոր դատախազություն։

«Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) հոդվածով»,-հայտարարել է Իոննիսյանը։ Զվարճացրեց «չհերքված» ճշգրտումը՝ որպես նահանջի մի այդպիսի կամրջակ։ Ո՞վ պիտի հերքի. քաղաքացի՞ն, որի վրա թքել է խոսնակը, թե՞ ինքը՝ խոսնակը, որը («ինչպիսի՜ թարսություն») հպարտանում է իր արարքով։

ԱՅՆԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՏՐԱԳԻՖԱՐՍ՝ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ։ Եվ, ավաղ, դա վաղուց իրողություն է դարձել մեր ամենօրյա կյանքում, որտեղ իրավապահ կազմակերպությունները կուրանում և խլանում են, մեռյալ լռություն պահպանելով, երբ թշնամին զավթում է մեր հողերը, Արցախի մեր հայրենակիցներին զրկում լույսից ու ջերմությունից, կրակում խաղաղ բնակիչների վրա, երբ հայ «քաջարի» ոստիկանները ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ խեղդում են քաղաքացիներին, ձեռք ու ոտքից բռնած քարշ տալիս գետնի վրայով պատերազմում զոհված զինվորների մայրերին և այլն։ Փաշինյանի ու իր թիմի կառավարման տարիներին մեր կյանքում շատ բաներ են կատարվել։ Ինչի՞ց ենք խոսում, երբ նույնիսկ մայրաքաղաքում զանգվածային ծառահատումները չարժանացան հասարակական կազմակերպությունների ուշադրությանը։

Իսկ նրանցից ո՞ր մեկն արձագանքեց, կրկնեմ, բառացիորեն նախօրեին տեղի ունեցած աղաղակող միջադեպին, երբ զինված ադրբեջանցի զինվորականները թույլ չտվեցին Լաչինի միջանցքով անցնել Արցախ ուղևորվող երեխաներին ու մայրերին, ուղևորներին դուրս բերեցին մեքենաներից, սկսեցին ծանակել, հայհոյել, սպառնալ։ Ո՞ր մի «քաղաքացիական հասարակության կազմակերպությունը» գեթ մի բառ ասաց։ Իսկ դրանցից ո՞ր մեկն արձագանքեց այն հաղորդագրությանը, որ 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ տարածք ադրբեջանցիների ներխուժելուց հետո Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դպրոցը չի գործում, իսկ գյուղացիների վիճակն օրըստօրե վատթարանում է, որովհետև նրանք չեն կարողանում նույնիսկ անասուն արածացնել, քանի որ հենց արոտավայրի կողքին են գտնվում ադրբեջանական դիրքերը։ Թե՞ նման միջադեպերն արժանի չեն մեր իրավապաշտպանների ուշադրոթյանը։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ չես մեղադրի «նախկիններին» նման բաներում. դե, իսկ ներկայիս իշխանությանը մեղադրել՝ ո՞վ է գլխից ձեռք քաշել։

Նույնիսկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր լայնածավալ օպուսում չի անդրադարձել վերոնշյալ տագնապալի միջադեպերին, փոխարենը անգրագիտության վերացման դաս անցկացնելով «թքելու գռեհկությունը» թեմայով և կոչ անելով բաձրացնել ԱԺ խոսնակի պաշտոնանկության հարցը։ Թեև, ինչ էլ հետագայում կատարվի Ալեն Սիմոնյանի հետ, առաջին նախագահի դիմումից նա թերևս կմտապահի այն, որ իրեն՝ Ալեն Սիմոնյանին, համեմատեցին Ռուզվելտի, Թրումենի և Քլինթոնի հետ։

Դե, այսքանից հետո ասացեք, թե վերջին 5 տարիների ընթացքում հասարակական գիտակցության նպատակադրված խաթարումն ու նենգափոխումը չի հասել կրիտիկական կետին մեր «ժողովրդավարության բաստիոնում»։ Եթե նույնիսկ ողջ հարցը նրանում է, որ վարչապետը պարզապես հոգնել է խոսնակից, և նրան փոխելու ցուցում կա։ Առանձնապես, եթե հարցը հենց դրանում է։