Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ․ ՄԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄՅՈՒՍԻ ՓՈԽԱՐԵՆ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիմակայության պայմաններում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնի կամ ՆԱՏՕ-ի նախաձեռնած ռազմական ծրագրերին դարձել է շատ խնդրահարույց, հետևաբար ռացիոնալ որոշումներ կայացնելու համար Հայաստանի ղեկավարությունից պահանջվում է առավելագույն ճկունություն և հաստատակամություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, պաշտպանության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով Եվրոպայում անցկացվելիք «Defender 2023» բազմազգ զորավարժությունից հրաժարվելու Հայաստանի որոշումը։

Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի զինվորականները մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ–ի հովանու ներքո անցկացվելիք Defender-23 («Պաշտպան-23») զորավարժություններին։ Սինգհի բնորոշմամբ` զորավարժությունները կոչված են ցույց տալու ամերիկյան բանակի մարտունակությունը և տեխնիկան արագ տեղակայելու կարողությունը, որպեսզի վստահեցնեն դաշնակիցներին, որ կարող են զսպել նրանց, ովքեր սպառնում են Եվրոպայի խաղաղությանը, և պատրաստ են մայրցամաքը պաշտպանել ագրեսիայից: Ռուսաստանի հետ հակամարտության պայմաններում դժվար չէ կռահել, թե որ «պայմանական ագրեսորին» դեմ են ուղղված նման զորավարժությունները։

Նշենք, որ երեկ Պենտագոնի կայքում «Defender 2023» զորավարժության մասին հաղորդագրությունում մասնակից երկրների ցանկում նշված էր նաև Հայաստանը։ Որոշ ժամանակ անց ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց այն, և Հայաստանն այլևս ներառված չէր մասնակիցների ցանկում։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ընթացիկ տարում Հայաստանը պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ «KFOR» (Կոսովոյի ուժեր) և «Saber Junction» (Միաձուլված սուր) զորավարժություններին։

«Որ մասնակիցների ցուցակից Հայաստանի անունը հանվեց, պատահական չէր։ Երևանն ինքն է հրաժարվել զորավարժություններից` իր որոշումը փոխանցելով համապատասխան խողովակներով։ ԱՄՆ-ն վերջին պահին Հայաստանին մերժելու պատճառ չուներ։ Ցանկացած զորավարժության մասնակցելը նաև քաղաքական որոշում է և քաղաքական գործոն։ Չի կարելի բացառել, որ այս ամենը կապված է Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի արձագանքի հետ»,– ասաց Հարությունովը։

Նրա կարծիքով` Հայաստանի համար իրավիճակը նոր չէ, նա միշտ փորձել է մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմական համագործակցության հարցերում։ Լինելով ՀԱՊԿ անդամ և Մոսկվայի հետ ունենալով նաև երկկողմ ընդարձակ պայմանագրային բազա՝ Երևանը 2000-ական թվականներից սկսած ներգրավվել է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի կամ այլ արևմտյան կենտրոնների կողմից նախանշված տարբեր ծրագրերում։ Սակայն Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում իրավիճակն այն ժամանակ այսքան հակասական չէր, այժմ իրադրությունը փոխվել է հայտնի պատճառներով, և Հայաստանի համար մանևրելու դաշտը զգալիորեն նեղացել է։ Հակամարտության կողմերից մեկին բացահայտ կերպով աջակցելը կարող է հանգեցնել մյուս կողմի հակազդեցությանը։

«Հայաստանի իշխանություններից պահանջվում է չափազանց զգուշավորություն, իրավիճակը խորությամբ վերլուծելու ունակություն` հաշվի առնելով բոլոր նրբությունները։ Երևանը պետք է գնա նվազագույն դիմակայության ճանապարհով և համաշխարհային կենտրոնների հետ համագործակցի այն ոլորտներում, որոնք նվազագույն չափով են խնդրահարույց։ Օրինակ` հակառուսական պատժամիջոցների համատեքստում ԱՄՆ-ն բավական լոյալ է վերաբերվում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցությանը՝ գիտակցելով, թե այն որքան կարևոր է կիսաշրջափակման մեջ գտնվող փոքր պետության համար։ Նույնը կարելի է ասել հայ-իրանական հարաբերությունների մասին»,- նշեց Հարությունովը։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ Հայաստանի իշխանություններն իրենք են հաճախ փորձում որոշակի մեսիջներ ուղարկել կողմերին, իրենց դժգոհությունն արտահայտել գործընկերների որոշ քայլերի կապակցությամբ։ Այդուհանդերձ պետք է զգույշ լինել, որովհետև այդ մեսիջները, ըստ Հարությունովի, երբեմն կարող են գերազանցել նախանշված արդյունքը և բերեն ավելի լուրջ հետևանքների, օրինակ` կոնֆլիկտի։ Միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման հետ կապված պատմությունը նույնպես վկայում է, որ Երևանն ըստ ամենայնի չի հաշվարկել հնարավոր հետևանքները, չի հասկացել, որ սա չափազանց զգայուն թեմա է Մոսկվայի համար։

«Պետք է հասկանալ նաև, թե ինչ է տալիս Հայաստանին Արևմուտքի կողմից անցկացվող զորավարժություններին մասնակցելը, որքանով են դրանք նպաստում արևմտյան ռազմական կառույցներին ինտեգրվելուն, և արդյոք ակնկալվող արդյունքը համարժեք է գործադրվող ջանքերին։ Պատմականորեն Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը նվազագույն ռազմական բաղադրիչ է պարունակել։ Այդ համագործակցությունը երբեք միտված չի եղել նրան, որ Հայաստանը սերտ առնչություն ունենա Արևմուտքի ռազմական արվեստի, ռազմատեխնիկական և օպերատիվ հնարավորությունների հետ։ Հիմնական շեշտը դրվել է խաղաղապահ գործողությունների իրականացման, ռազմական բժշկության ոլորտում, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցության վրա»,– ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով՝ Արևմուտքը նախկինում չի ձգտել և հիմա էլ առանձնապես հակված չէ Հայաստանի ռազմական ինտեգրացիային։ Նման ցանկություն ակնհայտորեն ունի Հայաստանի իշխանությունը, բայց միայն նրա ցանկությունը բավարար չէ։ Չնայած ամերիկացիների ակտիվությանը` Հարավային Կովկասի տարածաշրջանը Միացյալ Նահանգների առաջնահերթությունների թվում չէ։ Մյուս կողմից էլ Հայաստանի ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս հույս դնել հայկական բանակի վաղաժամ վերազինման վրա՝ արևմտյան մոդելով։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Արևմուտքը մեր տարածաշրջանում ունի հիմնական ռազմաքաղաքական դաշնակից՝ ի դեմս Թուրքիայի, և նրա փոխարինումը Հայաստանով ներառված չէ Վաշինգտոնի երկարաժամկետ ծրագրերում։

Sputnik Արմենիա