«Հրապարակ». ՏԵՂՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 14-ին Տեղի համայնքապետարանը գումարելու է ավագանու նիստ, որի օրակարգում անվտանգության հարցերը ներառված չեն։ Ադրբեջանի զինուժը մարտի 30-ի գիշերը փակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին և առաջ եկել՝ մոտ 80 հեկտար օկուպացրել Տեղ գյուղից ու ամրաշինական աշխատանքներ սկսել՝ դիրքեր-պոստեր կառուցելով։

Տեղի ավագանու ապրիլի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերն են «1 ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թ բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ընթացքի մասին։ 2. «Տեղ համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի․․․ նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին։ Ավագանու հերթական չորրորդ նստաշրջանի 4-րդ նիստի գումարման օրը սահմանելու մասին»։

Համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը կարծում է, որ այս օրերին համայնքապետարանում միայն անվտանգության հարցեր պետք է քննարկեին։ Նա դիմել է կառավարությանը, որպեսզի պատկան մարմիններից ներկայացուցիչներ գործուղեն Տեղ։

«Ժողովրդին չպե՞տք է բացատրեն, թե ինչ է կատարվում այստեղ, մենք հավաքվում ենք փողոցում, վիճում, թե ինչու այսպես եղավ, ինչ կարող էինք անել, հիմա թող գան ասեն մեր անելիքները»,- ասաց նա»:

News.am