ՄԵՐԺՄԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ» Ի ԴԵՐԵՎ ԵԼԱՎ
2018-ին տեղի ունեցած «հեղափոխությունը» մենք այդպես էլ ռեֆլեքսիայի չենթարկեցինք, այսինքն՝ չկարողացանք ինքնադիտարկման եղանակով գնահատել կատարվածը և համարժեք եզրակացությունների հանգել, ինչպես նաև վրիպումներից դաս քաղել:
Ի՞նչ է կատարվել 2018-ի ապրիլին: Մի կողմ թողնենք այն կարծիքները՝ գուցեև հիմնավոր, որ «հեղափոխությունը» կազմակերպված էր ներքին ու արտաքին որոշ կենտրոնների կողմից և ուներ աշխարհաքաղաքական երանգներ: Տվյալ պարագայում մեզ հետաքրքրում է ՀՀ բնակչությունը՝ ինչո՞ւ մարդիկ միացան ու պետության ճակատագիրը վստահեցին քաղաքական կենսագրություն և պետական կառավարման փորձ ու գիտելիքներ չունեցող, փողոցից եկած անձանց, ինչի՞ց էին նրանք դժգոհում և ի՞նչ սպասելիքներ ունեին:
Սրանք հարցեր են, որոնք պետք է դառնային հետագա տարիների քննարկումների, փորձագիտական ուսումնասիրությունների առարկա, և այդ քննարկումները լինեին նպատակային, թե ինչն էր սխալ արվել մինչ այդ, և ինչը չպիտի կրկնվեր հետագայում: Ցավոք, նման օրակարգ չձևավորվեց, և դա հայաստանյան քաղաքական մտքի սնանկության արգասիք էր:
Սա շատ բարդ ու ծավալուն թեմա է, սակայն կփորձենք հակիրճ ուրվագծել ընդհանուր պատկերը: Սխալված չենք լինի, եթե տեղի ունեցածի գլխավոր պատճառներից մեկը վերագրենք նախկին իշխանություններին, որոնք մեջքով շրջված էին դեպի շարքային քաղաքացին: Սովորական մարդը, որին կարող էին ընտրությունների ժամանակ կաշառել՝ ստանալով նրա քվեն, իրեն արհամարհված ու անտեսված էր զգում պետության կողմից:
Փաստորեն պետության մեջ կային «երկրորդ կարգի» մարդիկ ու կային արտոնյալներ, որոնք, ըստ էության, սեփականաշնորհել էին պետությունը, և կատարվում էին անարդարություններ: Չէին գործում սոցիալական վերելակները, պատգամավոր կամ կառավարության անդամ դառնում էին ոչ թե ըստ համապատասխան արժանիքների (փորձ, կրթություն, գիտելիք, ունակություն և այլն), այլ ղեկավարին ցուցաբերվող անձնական հավատարմության, կոռուպցիոն գործարքներով նրա հետ կապվածության և բոլոր ժամանակներում հարգի՝ խնամի-սանիկ-բարեկամ սկզբունքներով: Այդ ամենը պետությունից վանում էր հասարակ մարդուն:
2018-ին էլ եկան պոպուլիստները՝ գլխավոր պոպուլիստի առաջնորդությամբ, ով «սիրում էր» ժողովրդին, «հպարտանում» նրանով, «խոնարհվում» բոլորի առջև և ասում էր, թե երկրում կա 3 միլիոն վարչապետ: Հետո խոստանում էր «կուլակաթափություն» սկսել և, առհասարակ, «ոսկե սարեր» էր խոստանում: Դա մարդկանց շատ հուզեց, գրավեց ու գայթակղեց, սակայն շատ ուշ գլխի ընկան, որ չարաչար խաբված են՝ երբ արդեն բախվեցին ազգային բազում փորձանքների, և պարզվեց, որ «թագավորը մերկ է»:
Եվ, չնայած պերմանենտ ողբերգություններին ու կորուստներին, ամբոխավարների ձախողած խմբակն այսօր էլ շարունակում է ստերով և մանիպուլյացիաներով պահել անձնիշխանությունը, իսկ գործող ընդդիմությունը՝ իշխանափոխության մի քանի անհաջող փորձերից հետո, մեղադրում է Դիմադրության շարժման ճակատում թույլ կազմավորվող զանգվածին կամ, լավագույն դեպքում, բավարարվում հայրենասիրական ճառեր արտասանելով:
Հայրենասիրությունը, իհարկե, կարևոր է, սակայն ամենից առաջ պետք է կարողանալ խոսել մարդու հետ՝ նրան հասկանալի լեզվով և նրա խնդիրների մասին: Մերժման «հեղափոխության» աղետալի հետևանքները տեսնում ենք ամեն օր: Պետք է հանրությանն առաջարկել իրատեսական լուծումներ ու հայեցակարգեր, ինչպես նաև՝ պետական մտածողությամբ օժտված, ղեկավարման արվեստին տիրապետող, մրցունակ և ձեռնհաս կառավարողների թիմ, մի խոսքով՝ վստահելի այլընտրանք: Հակառակ դեպքում իսպառ կկորցնենք պետության գահավիժման ընթացքը կանգնեցնելու հնարավորության վերջին փշրանքները:
Ինչպես կուսակցությունները դարձնել կենսունակ
1991 թվականից սկսած, երբ Հայաստանն անկախացավ, հայկական քաղաքականության մեջ ամենահաճախ գործածվողը «իշխանափոխություն» բառն էր: Կար շատ պարզունակ պատկերացում, որ կուսակցության իմաստը բացառապես իշխանության համար պայքարն է, իսկ այդ պայքարի նպատակն ու թեժացման ժամանակաշրջանը ընտրություններն են:
Ինչպես տեսնում ենք, «նպատակը» տեխնիկական է՝ ցանկացած գնով գալ իշխանության կամ վատագույն դեպքում՝ տեղ զբաղեցնելով խորհրդարանում, քաղաքական առևտուր սկսել իշխանության հետ՝ տնտեսական ու նյութական բարիքներից օգտվելու թեմայով: Իշխանության համար պայքարից բացի, կուսակցությունը որևէ այլ բովանդակություն չի ունեցել: Մինչդեռ քաղաքական ուժի գործառույթների շրջանակն իրականում բավական լայն է: Օրինակ՝ ինչպե՞ս է, ասենք, այս կամ այն կուսակցությունը.
- տեսնում Հայաստանի ապագան,
- գնահատում արտաքին միջավայրը և դրանից բխող մարտահրավերներն ու հնարավորությունները,
- պատկերացնում Արցախի խնդրի հանգուցալուծումը,
- դիտարկում աշխարհաքաղաքական, ռազմավարական նշանակություն ունեցող հաղորդակցությունների վերագործարկման անհրաժեշտությունը,
- ինչպիսի հասարակություն է ցանկանում կառուցել,
- ինչպիսի կադրային քաղաքականություն է պատրաստվում կյանքի կոչել և այլն, և այլն:
Հարցադրումները կարելի է էլի շարունակել: Խնդիրը, կարծես թե, պարզ է՝ իշխանության հավակնություն ցուցաբերող քաղաքական միավորները շարադրում են առաջադրվող նմանատիպ հարցերի շուրջ իրենց տեսլականը, ինչը թույլ է տալիս ձևավորել քաղաքական միտք ու բանավեճի հարթակներ: Այսկերպ քաղաքական աշխույժ գործընթաց կծավալվի, ընտրողներն էլ հստակ կկողմնորոշվեն, թե ինչի համար են գնում ընտրությունների, ում օգտին են քվեարկելու և՝ ինչու:
1991-ից ի վեր այսպիսի ընթացքի մենք ականատես չեղանք, նույնը չտեսանք նաև 2020-ի պատերազմից հետո: Արդյունքում ի՞նչ ունեցանք… Ճիշտ է՝ մի իրադրություն, որտեղ «քաղաքական բանավեճի» հիմնական, գուցեև միակ խոսույթը մեղավորների ու ազգի «դավաճանների» փնտրտուքն է, իսկ առկա իրավիճակի լուծման անհրաժեշտության մասին՝ ոչ մի խոսք:
Ավելին՝ գեներացվում են միմյանց մեղադրելու, ազգը պառակտելու գործողություններ, որոնց միանում է հասարակության մի հոծ, խայտաբղետ զանգված, ինչպես նաև սոցցանցերում վխտացող «ֆեյքային ագարակներ», և բանավեճ կոչվածը դուրս է գալիս քաղաքակիրթ փոխհաղորդակցման սահմաններից՝ երբեմն ստանալով ինքնակործան երանգներ ու բառապաշար:
Թերևս՝ բավարար չեն այն ջանքերը, որ մեր գոյաբանական վիճակով մտահոգ կիրթ քաղհասարակությունը փորձում է գործադրել և գործադրում է խնդիրը քարոզչական եղանակով կարգավորելու, հանրային միջավայրն առողջացնելու, երկրում փոխադարձ հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտ հաստատելու և այդ հիման վրա կուսակցությունների գործունեությունը կենսունակ դարձնելու ուղղությամբ: Այստեղ շատ կարևոր է նաև պետության շահախնդրությունը, ինչը թույլ կտար լավ նախադրյալներ ստեղծել ՀՀ-ում պատասխանատու իշխանական համակարգի ձևավորման համար:
Փորձը հուշում է, որ եթե անգամ մեկ քաղաքական միավորի՝ իբրև տիպօրինակ, հաջողվի հանդես գալ համակարգված առաջարկներով, պատշաճ թիմով, և հասնել տպավորիչ արդյունքի, ապա պատկերը կարող է փոխվել. դա մյուսներին ևս կմղի գործադրել իրենց ունակությունները, մտավոր ու բարոյահոգեբանական ներուժը և, այդպիսով, կդրվի նոր ավանդույթի հիմքը: Հուսանք, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նման նախաձեռնության հաջողված փորձ կարվի, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու տևապես խարխափել անելանելիության սարդոստայնում: Ինչպես այսօր: