Շամխանի․ Հարավային Կովկասում ցանկացած փոփոխություն կլինի հօգուտ թշնամիների

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունները դրական ազդեցություն չեն ունենում ոչ մի երկրի վրա՝ միաժամանակ մատնանշելով, որ Իրանը դեմ է այս տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխության։ Այս մասին Թեհրանում հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ալի Շամխանին՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, հայտնում է Press TV-ն։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածության սրման միջոց է, որը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից կլինի հօգուտ թշնամիների»,- ասել է Շամխանին։

Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ավելացրել է, որ շարունակական երկխոսությունը և փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային խնդիրներին վերջ դնելու ցանկացած «կոշտ մոտեցմանը»:

Իր ելույթի մեկ այլ հատվածում Շամխանին ասել է, որ Կովկասյան տարածաշրջանը դժվար ժամանակաշրջան է ապրում՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը կկարողանան զսպվածությամբ ու խոհեմությամբ հաղթահարել առկա լարվածությունը։

Իրանի ներկայիս վարչակազմի համար նրա խոսքով հարևանների հետ համագործակցության և փոխգործակցության զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունքն և առաջնահերթությունն է։

«Բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և տարածաշրջանային խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համատեղ ջանքերը տարածաշրջանային բոլոր կողմերին Իսլամական Հանրապետության կարևորագույն խորհուրդներից են»,- ասել է Շամխանին։

Իր հերթին, Հայաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իրանը «կարևոր դեր» է խաղացել Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի «շատ արդյունավետ» դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման գործում՝ ընդգծելով, որ երկխոսությունն ու փոխգործակցությունը երկրների միջև գոյություն ունեցող տարածաշրջանային ճգնաժամերը լուծելու և հետագա լարվածությունն ու հակամարտությունները կանխելու միակ միջոցն են։

News.am