Չավուշօղլու․ Առանց թուրքական զենքի Ադրբեջանի համար դժվար կլիներ «վերցնել Ղարաբաղը»

Առանց թուրքական զենքի և ռազմական տեխնիկայի Ադրբեջանի համար դժվար կլիներ վերցնել Լեռնային Ղարաբաղը։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպմանը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը հայտարարել է երկրի ռազմարդյունաբերական համալիրի դինամիկ զարգացման մասին։

«Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը բարձրացրել է 80 տոկոսի: Եթե մենք այդ ցուցանիշին չհասնեինք, չարտադրեինք հարվածային ԱԹՍ-ներ, չարտադրեինք ամեն տեսակ ցամաքային, հակաօդային պաշտպանության և հարձակման համակարգեր, այդ թվում՝ ուղղաթիռներ, Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը»,-ասել է նա:

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել սեփական ռազմարդյունաբերական համալիրը՝ նվազեցնելով արտաքին մատակարարումներից կախվածությունը։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայով՝ մատակարարելով անօդաչու թռչող սարքեր, կառավարվող հրթիռներ և այլ ռազմամթերք։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մարտական ​​գործողություններին մասնակցել են պատերազմից առաջ Ադրբեջան տեղափոխված F-16 կործանիչները։ Բացի այդ, թուրք գեներալները ստանձնել են զորքերի հիմնական հսկողությունը։

Արցախյան պատերազմում Թուրքիայի դերի մասին 2021 թվականի օգոստոսին խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հարցազրույցում նա ասել էր, որ եթե անցյալ տարվա ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիայի համակողմանի օգնությունը չլիներ, Ադրբեջանը հսկայական խնդիրներ կունենար։

Sputnik Արմենիա