Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, ՈՐ ԴԱ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՈՒՄԲ
Այն տեղեկատվությունը, որը այս պահի դրությամբ ստացվել է, պարզորոշ ցույց է տալիս, որ անվտանգային համակարգը մի քանի աստիճանում պարզապես չի գործել: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով փաստին, որ ադրբեջանցի զինծառայողները հայտնվել են Հայաստանի տարածքում:
«Առաջինը բուն առաջնագիծն է, որտեղով տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների հատումը: Նրանց թիվը տարբեր աղբյուրներով տարբեր են: Ինքս հստակ թիվը չգիտեմ, բայց նվազագույնը երկու ադրբեջանցի զինծառայողի անցման մասին է խոսվում: Երկրորդը, այն բնակավայրերը, որտեղ նրանց տեսել են բնակիչները և որտեղ տեղի է ունեցել ձերբակալումը, ցույց է տալիս, որ այդ բնակավայրերը առաջնագծից ուղիղ գծով 15-16 մինչև 20 կմ խորության վրա են: Այսինքն ադրբեջանցի զինծառայողները, եթե հաշվի առնենք, որ ճանապարհներով են եկել, դա կարող է այլ ուղղություններով ավելին լինել, քան 20 կմ-ն է: Այսինքն նաև ներքին անվտանգային համակարգը չի գործել: Որևէ տեղում ֆիքսում չի եղել: Պատկերացրեք իրավիճակ, որ ադրբեջանցի զինծառայողները ոչ թե թակեին հայ բնակչի տան դուռը, այլ պարզապես հարձակման դիմեին կամ այլ գործողություն իրականացնեին»,-ասաց նա:
Տիգրան Աբրահամյանի խոսքով, մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ այդ դերում կարող էին լինել ոչ թե ադրբեջանցիներ, որոնց նպատակները դեռևս պարզ չեն, այլ լինեին օրինակ, հատուկ նշանակության դիվերսիոն խմբեր, որոնք ունենային կոնկրետ ահաբեկչություն իրականացնելու գործառույթ. «Մենք այս պահին չգիտենք տվյալ զինծառայողներն ինչ խնդիր են ունեցել, բայց համենայնդեպս, սա խոսում է այն մասին, որ անվտանգային համակարգը, որի մասին անընդհատ շեփորահարում է իշխանությունը, որևէ ձևով և որևէ մակարդակում չի գործել»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:
Նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։