Ադրբեջանցիները հայ զինծառայողներից պահանջել են դադարեցնել ինժեներական աշխատանքները
Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել, հայկական բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Իրավիճակը հարաբերական կայուն է։ Մարտական գործողություններ չկան։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։ Մնացած տեղեկատվությունը պաշտպանական գերատեսչությունը ժամանակ առ ժամանակ կտրամադրի»,- ասաց Խաչատրյանը։
Ներկայացնելով ապրիլի 11-ի Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական սադրանքի մանրամասները ՝ Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանական մեքենան իրենց կողմից վերահսկվող տարածքից մոտեցել է հայկական դիրքերին բանակցությունների պատրվակով և պահանջել հայ զինծառայողներից դադարեցնել ինժեներական աշխատանքները։
«Մերոնք արժանի պատասխան են տվել, և պատասխանից հետո մարտական գործողություններ են սկսել։ Բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է, մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորը նշեց, որ մարտական գործողությունները դադարացնելու հարցում որևէ երրորդ կողմի միջնորդություն չի եղել, այն դադարեցվել է Հայատանի Հանրապետության ուժային գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների խոսակցությունների արդյունքում։
«Հարցը այսպես է դրվել՝ շարունակում ենք կռվե՞լ, վերածվո՞ւմ է պատերազմի, թե՞ դադարեցնում ենք։ Վստահ եմ, որ դադարեցման հարցում մեծ դեր է ունեցել նաև այն, որ մեր բանակը իր դիրքերում ամուր կանգնել է և պատասխան հարված է տվել»,- ընդգծեց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի ինժեներական աշխատանքներ չիրականացվեն։
«Հայկական կողմն այնտեղ շատ լուրջ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, իսկ դա, իհարկե, ադրբեջանցիների դուրը չի գալիս և փորձում են ամեն կերպ խափանել աշխատանքները»,- նշեց Խաչատրյանը։