Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՊՆ-Ն ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՈՐՄԱԼ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ, ԹԵ ԻՆՉ Է ԵՂԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտպանության նախարարության հապարակած տեսանյութը դիտելուց հետո «Ռազմինֆո» կայքի համակարգող, անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի առաջին ռեակցիան բարկությունն է եղել։

«Ջղայնությունն էր ընդհանուր վիճակից։ Կանգնած ադրբեջանցիների հետ զրուցում են, նույնիսկ ռազմական իրավիճակ չէ, կարծես կենցաղային հարցով վեճ լինի։ Բայց երբ ուշադիր մի քանի անգամ նայում ենք, պարզ է դառնում, որ մի բան էն չի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը։

 

Փորձագետի խոսքով, ՊՆ հրապարակած տեսանյութից տպավորություն է ստեղծվում, որ ընդամենը մի մեքենայով ադրբեջանցիները եկել են ու մի քանի տասնյակ հայ զինվորականների վրա գոռգոռացել են, կռիվ սարքել, կրակել։

«Երբ ուշադիր նայում ես, տեսնում ես, որ ՊՆ հրապարակած նկարագրությունը չի համատասխանում նրան, ինչ երևում է տեսանյութում։ Կարծում եմ, որ ադրբեջանցիներն ավելի շատ են, իրականում ադրբեջանցիներն ավելի շուտ են այդտեղ եկել, ավտոմեքենայով զուտ գալիս են լրացուցիչ ուժեր։ Ըստ այդմ, ՊՆ-ն պարտավոր է նորմալ բացատրություն տալ, թե ինչ է տեղի ունեցել, ոչ թե ցրել, ասել՝ առաջինն ադրբեջանցիներն են կրակել։ Ի վերջո դա ծիծաղելի է, չհասկացա՝ հիմա մենք Ադրբեջանի հետ բարեկա՞մ երկրներ ենք, որ կարևոր է, թե ով է կրակել առաջինը, թե՞ մենք այնուամենայնիվ շարունակում ենք մնալ պատերազմական իրավիճակում։ Տեսանյութում չկան սպանությունները, կրակոցներ կան, բայց պարզ չէ, դրանք ճակատագրական կրակոցներն են, թե դրանից առաջ կամ հետո էլ եղել են, բացի այդ ՊՆ-ի նկարագրությունները խիստ թերի են, եթե գրում են, որ չորս հոգի եկել են, ապա տեղում եղածների մի մասը ովքե՞ր էին»,-ասաց նա։

Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր ընկերներին. «Պատմե՛ք, հարգելի ընկերնե՛ր, թե ինչ եք զգում ՊՆ-ի հրապարակած տեսանյութը դիտելուց հետո»։ Ի պատասխան շատերը նշել են, որ զգում են ամոթ, ափսոսանք, ցավ, անզորություն, տեսնում են բարդակ, չկրակելու հրաման և այլն։

Հարցին, արդյոք պաշտպանության նախարարությունը հաշվի առե՞լ է տեսանյութի քարոզչական ազդեցությունը, փորձագետը դժվարացավ հստակ պատասանել.

«Ոչինչ չեմ կարող ասել։ Միգուցե սովորական հիմարություն է նման տեսանյութ հրապարակեը։ Իսկ գուցե հատո՞ւկ են արել, որպեսզի նման քննարկումներ հրահրեն ու թեման շեղեն այն կարևոր հարցից, թե ինչ է այնտեղ կատարվում։ Միգուցե հաշվարկ էին արել ու նման քարոզչական արձագա՞նք էին ուզում, որ մեղադրանքներն ուղղված լինեն զինվորներին, ստեղծվի հուսալքության զգացում այն դիտողների մոտ։ Չեմ կարող ասել, ամեն ինչ սպասելի է այս իշխանությունից։ Իսկ կարևոր հարցն այն է, ինչո՞ւ է թշնամին մեր հողում իրեն այդքան ազատ զգում, որ օրը ցերեկով գալիս է մեր տարածքում աշխատող զինվորակաների վրա։ Ի՞նչ է կատարվում այնտեղ։ Սա է կարևորը, ոչ թե ո՞վ է առաջինը կրակել։ Ադրբեջանցիներն ընդհանրապես այդտեղ չպետք է լինեին»։

Նախարարության հրապարակած տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները գտնվում են բարձունքների վրա, իսկ ՀՀ զինծառայողները՝ փոսի մեջ։ Ավելի վաղ՝ մարտի 30-ին ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն ու մասնավորապես նշել. «Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության»։

Կարեն Վրթանեսյանը կատարյալ հիմարություն է որակում ԱԱԾ նման հիմնավորումը, որի նպատակը մարդկանց խաբելն է։

«Դիրքեր լինում են շատ տարբեր տեղերում։ Ո՞վ ասեց, որ պետք է լինեն միայն գերիշխղ դիրքեր։ Հեչ պարտադիր չէ, որ միայն բարձունքում լինի։ Եթե մեկը բարձունքում է, մյուսը դնում է այդ բարձունքի տակ։ Չկա նման բան, որ դիրքերը պետք է լինեն գերիշխող բարձունքներում։ Կատարյալ հիմարություն է ռազմական լոգիկայով»։

Panorama.am