Թուրքիան պաշտպանել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքը
Թուրքիան պաշտպանել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական սադրանքը։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ԱԳՆ-ին, ապրիլի 12-ին տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ցավակցություն է հայտնել ապրիլի 11-ին Հայաստանի սադրանքի պատճառով ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Նախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է»,- մեջբերել են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին, ժամը մոտ 16.00-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների խումբը սահմանին տեղակայման կետերի ճշտման պատրվակով մոտեցել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենից, իսկ հետո նաև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ բացել հայ զինծառայողների և հայկական դիրքերի ուղղությամբ։ Ապրիլի 12-ի ժամը 08.00-ի դրությամբ իրավիճակն առաջնագծում մնում է հարաբերականորեն կայուն։
News.am