Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆՎԱԳՈՒՄ Է ՄԻԵՎՆՈՒՅՆ ՁԱՅՆԱՊՆԱԿԸ

Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն խազված է, «խռխռում» է, բայց միևնույն է, չի դադարում օգտագործվել սեփական դիվանագիտական և անվտանգային ձախողումներն արդարացնելու համար:

Խոսքը՝ Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, բանակցային ժառանգության մասին է:

Այդ ժառանգությունն Արցախյան հակամարտության լավագույն լուծումն էր (2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը),

եթե`

* չքանդվեր Հայաստանի բանակցային խրամատը,

* չկազմալուծվեր բանակը,

* չլիներ, որպես այդ ամենի հետևանք, 44-օրյա պատերազմի պարտությունը:

Իսկ այժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթները:

Այդ փաստաթուղթը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, որից բխում են այդ պետության գերակայություններն ու քայլերը:

Եվ այսպես:

1. 2013 թվականի կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կար առանձին դրույթ, որով ամրագրվում էր ոչ միայն ՄԽ համանախագահների ձևաչափի կարևորությունը, այլև այն սկզբունքները, որոնք արծարծված էին համանախագահների հայտարարություններում 2009-2011 թթ.: (նկար 1)

2. 2016 թվականին ՌԴ արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնպես ներառված էր դրույթ, որտեղ կրկին, բացի ՄԽ համանախագահության ձևաչափի ընդգծումից արդեն հղում էր արված 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին: (նկար 2)

Հիշեցնեմ, որ այդ սկզբունքների մեջ էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխավորությունը. փաստացի ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ այս իրավունքը դիտում էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում՝ մյուս 2 համանախագահ երկրների հետ միասին:

3. Եվ ահա՝ 2023 թվական և ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա: (ուստի նկար էլ չկա):

Ի մի բերելով այս վերլուծությունը, փաստենք. «Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված։

Իսկ Նիկոլի ժամանակ այն նույնպես այլևս գոյություն չունի:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

Галерея (2 фото)