ՉՈՐՍ ԶՈՀԵՐԸ «ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ» ԳԻ՞ՆՆ ԵՆ, ՊՐՆ ԱԲԱԶՅԱՆ
Արտառոց իրադարձությունների շարանը, որը պայմանականորեն սկսվեց մարտի 31-ին, երեկ հանգեցրեց Բաքվի բացահայտ զինված ագրեսիայի հերթական դրսևորմանը ինքնիշխան Հայաստանի տարածքում։ Այս 12-13 օրերին գրեթե անընդմեջ տեղի էր ունենում մի ինչ-որ բան, որը ցնցում էր հասարակությունը՝ բառացիորեն թույլ չտալով մարդկանց ուշքի գալ և իմաստավորել նախորդ «միջադեպը»։ Եվ այդ չարագուշակ շղթան կտրելու ոչ մի նշան չկա. ընդհակառակը, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ներքին ու արտաքին թուրքերը շտապում են ավարտին հասցնել իրենց ծրագրերը, ուստի գործընթացը գնալով ավելի է զարգանալու։
ՀԱԿԻՐՃ ՀԻՇԵՑՆԵՄ ԱՅԴ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆԵՐԸ: Մարտի 31-ին ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ տարածք Սյունիքի մարզում, անարգել առաջ շարժվեցին և շահեկան դիրքեր գրավեցին Տեղ գյուղի շրջակայքում։ Գյուղի բնակիչները հայտնվեցին աղետալի վիճակում՝ մնալով առանց բանակի պաշտպանության, զրկվելով իրենց արոտավայրերից և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունից, իսկ ամենակարևորը՝ թշնամու ուղիղ նշանառության տակ։ Հայաստանի իշխանությունները հանդիսավորությամբ հայտարարեցին, որ բանակային ստորաբաժանումներն այնտեղից դուրս կբերվեն, իսկ նրանց փոխարինելու կգան սահմանապահները, քանի որ Արցախն իրենք արդեն ամբողջությամբ հանձնել են, իսկ Տեղ գյուղը գալիք խաղաղության պայմաններում կդառնա սահմանամերձ։
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը տեղի ունեցավ մեկ այլ աղաղակող միջադեպ՝ շրջափակման պատճառով Հայաստանում մնացած և տուն վերադարձող արցախցիներին տեղափոխող ավտոբուսի հետ: Շուշիի հատվածում ադրբեջանցի ավազակները ներխուժեցին ավտոբուս՝ սպառնալով և որպես ճանապարհը շարունակելու պայման պահանջելով Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել: Չորս կանանց ինքնազգացողությունը վատացավ, և խաղաղապահների կանչած շտապօգնության մեքենան անմիջապես եկավ Շուշիից ու տարավ նրանց Ստեփանակերտ, ինչը Բաքուն մատուցեց որպես «մարդասիրության երևելի դրսևորում»։ Մյուս ուղևորները ստիպված էին վերադառնալ Գորիս։
Ապրիլի 11-ին հաղորդագրություն ստացվեց, որ Սյունիքի գյուղերից մեկում ադրբեջանցի զինծառայող են բռնել, իսկ երկրորդին փնտրում են: Ընդ որում բռնել են տեղի բնակիչները։ Իշխանությունները սահմանափակվեցին կարճ հաղորդագրությամբ, չբացատրելով, թե ինչպես է թշնամին կարողացել կրկին իսկ անարգել ներխուժել երկրի տարածք և պատկառելի թվով կիլոմետրեր անցնել, որևէ կերպ չմեկնաբանվեց նաև երկրորդ ադրբեջանցու առկայությունը, որին իբր փնտրում էին։
Այս իրադարձությունների միջև ընկած ողջ ընթացքում հանրությանը եռանդագին զվարճացնում էին իշխանության հանրահայտ ծաղրածուները։ «Անդոն» Քոչարյանը անհեթեթ հայտարարություններ էր հնչեցնում, թե Տեղ գյուղի բնակիչներն իրենց ուժերով շատ լավ հաղթահարում են սահմանը պաշտպանելու խնդիրը։ Բացարձակ նողկալի, բայց իրեն միանգամայն բնորոշ պահվածք էր ցուցաբերում ԱԺ նախագահը, թքելով քաղաքացու վրա և ընդ որում հայտարարելով Փաշինյանի որդու վրա մտացածին հարձակման մասին, որը մեկ օր անց, մայրիկի ու հայրիկի հանձնարարությամբ, անձամբ հերքեց այդ լուրը։ Փաշինյանի հրահանգով նողկալի ներկայացում կազմակերպեցին ԱԺ հանձնաժողովում իր ուսապարկ-պատգամավորները՝ բարձրաձայն ու բազմիցս հնչեցնելով հայհոյանքներ և անթաքույց սպառնալիքներ: Աննա-Էրատո Հակոբյանը ջանադրաբար ցնցեց հանրությանը բացահայտ հակահայկական բնույթի իր ֆեյսբուքյան տխմար գրառումներով…
Իշխանությունների կողմից եռանդագին ձեռնարկված այս խեղկատակության խորապատկերին հնչում էին փորձագետների և ընդդիմադիրների համառ կոչերը, որոնք զգուշացնում էին Սյունիքում Տեղ գյուղի շրջակայքում տեղի ունեցող ամենի ծայրահեղ վտանգավորության մասին, ինչն ի վերջո հանգեցրեց հայկական տարածքում հարմարավետ բնակռած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հերթական ագրեսիային։ Արդյունքը հայտնի է. զոհվել է 4 հայ զինծառայող, վիրավորվել 6-ը, այդ թվում՝ սպաներ։
ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՆԳԱՄԱՆՔ։ Վերջին օրերին մի քանի անգամ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում նաև ինքը՝ Փաշինյանը, խոսել են Տեղ գյուղի մոտ «իրավիճակի բարելավման» մասին։ Փորձագետներն ու սոցցանցերի օգտատերերը փորձում էին գուշակել. հատկապես ո՞ւմ համար է «բարելավվել»։ Այժմ կարելի է վստահորեն հաստատել, որ բարելավվում էին թշնամու դիրքերը, և ներխուժումից 12 օր անց ադրբեջանցիները որոշեցին դիմել նույն սադրանքին, որը տեղի ունեցավ նախորդ տարվա սեպտեմբերին: Առայժմ՝ ավելի փոքր մասշտաբներով, բայց լոկ առայժմ։
Հիշեցնեմ, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցածի մասին եղավ ընդամենը մեկ պաշտոնական հաղորդագրություն. ԱԱԾ-ից։ Ազգային անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունը հանգիստ տեղեկացրեց բնակչությանը թշնամու ներխուժման և երկրի տարածքում 100-300 մետր առաջ շարժվելու մասին։ Այդ հաղորդագրության մեջ գլխավորը «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ» արտահայտությունն էր։ Այսինքն ԱԱԾ-ն հայտարարում է, որ երկրի ինքնիշխան տարածք ներխուժումը միանգամայն հանդուրժելի իրադարձություն է, և իբր՝ պետք չէ հանուն սահմանների պաշտպանության ենթարկվել «էսկալացիայի» վտանգի։ Հիշո՞ւմ եք Նիկոլի այն արտահայտությունը, որ ինքը մտադիր չէ ինչ-որ ավելորդ տարածքներ պաշտպանել Սև լճի շրջակայքում։
Հիմա, ինչպես պարզվում է, չարժե պաշտպանել նաև Տեղ գյուղի տարածքը, և գյուղն էլ դեռ պարզ չէ, թե ում է պատկանում, քանի որ, ըստ նույն Ա.Քոչարյանի, այդ ամենը կպարզվի սահմանագծումից ու սահմանազատումից հետո։ Ավելին, արդեն տագնապալի տեղեկություններ կան, որ հնարավոր է, որ Տեղը հանձնեն Ադրբեջանին՝ ճիշտ այնպես, ինչպես նախկինում վարվեցին Արցախի 75 տոկոսի, ինչպես նաև 2021 թվականի մայիսի 12-ից թշնամու կողմից բռնազավթված ՀՀ տարածքների հետ, որոնց մասին բոլորն արդեն մոռացել են։
Ապրիլի 6-ին գրեթե նույնը կրկնեց նաև ինքը՝ Փաշինյանը։ Գլխավոր դավաճանը հայտարարեց, որ «երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ», ինչի արդյունքում «որոշ տեղերում, ըստ հայկական կողմի գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում»: «Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Մեր տրամադրվածությունը եղել է և շարունակում է մնալ էսկալացիայից խուսափելը։ Հույս ունեմ, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում», - ասաց նա։
«Կառուցողական մթնոլորտ»,«խուսափել էսկալացիայից», «քարտեզների տարընթերցումներ», «տեղակայման կետերի ճշգրտում»... Ակամայից ցանկություն է առաջանում գոչել միայն մեկ հայտնի արտահայտություն. ախր ինչե՞ր ես բարբաջում, գրո՛ղը տանի։ Իսկ բարբաջում էր դավաճանների հանցախմբի պարագլուխը կրկին նույնը. իր հին երգն այն մասին, թե այդ տարածքների պատկանելությունն անհայտ է, և ընդհանրապես ո՞վ է ասել, թե դրանք հայկական են ։ Եվ հայտնում էր, որ առանց որևէ նախնական աշխատանքների և համապատասխան փաստաթղթերի պատրաստման, հապճեպորեն, արտակարգ պայմաններում քարտեզագրողների կողմից իրականացվում է «սահմանապահների տեղակայման կետերի ճշտում»: Աներևակայելի է, բայց փաստ:
Եվ ահա այդ միտումնավոր ստեղծվող բարդակի արդյունքը. կրկին զոհվեցին հայ զինծառայողներ։ Սա է «էսկալացիայից խուսափելու տրամադրվածության» գինն ու արդյունքը թշնամու հետ դիմակայության մեջ, որը ձգտում է հենց էսկալացիայի և տարածքային զավթախուժման՝ ամբողջական, ընդհուպ մինչև Հայաստան պետության ոչնչացում։ Իսկ չորս երիտասարդների մահն, անշուշտ, Հայաստանի ղեկավարության, անձամբ Փաշինյանի, Պապիկյանի, Աբազյանի, Ասրյանի, Սիմոնյանի, Ա.Քոչարյանի խղճին է, որոնք պատրաստ են զոհաբերել ողջ հայ ժողովրդին հանուն «խաղաղության դարաշրջանի» իրենց մոլի գաղափարի... Թեպետ, բարձր կատեգորիաներով չենք բարդացնի ամեն ինչ մի իրավիճակում, երբ խոսքը վերաբերում է ազգային շահերի ճղճիմ դավաճանությանը և բացառապես սեփական մորթեպաշտ շահերի կատաղի պաշտպանությանը։
Առանձին խոսակցության թեմա է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած և բազմաթիվ հարցեր առաջացրած տեսանյութը։ Եվ գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ հայ զինվորականները չեն կրակել ադրբեջանական մեքենայի վրա։ Հակիրճ լինելու համար ներկայացնենք ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը։
«ՊՆ-ի տեսանյութը 10–12 անգամ դիտեցի։ Գրում եմ, թե տպավորությունս ինչ է, չեմ պնդում, որ այդպես է։ Հայկական դիրքը շատ մոտ է ադրբեջանական 3 դիրքերին (կադրերում առաջին պլանում ձախ կողմից նույնպես ադրբեջանական դիրք է՝ դատելով դրոշից)։ Կադրում երևացող մարդկանց մեծ խմբում, ոնց հասկանում եմ, միայն աջից են հայերը։ Մնացածն ադրբեջանցիներ են, այլ ոչ թե միայն պիկապով եկածներն են։ Ոնց հասկանում եմ այս տեսանյութից՝ մերոնք միայն 10–12 հոգի են։ Չեմ հասկանում, մերոնց մեջ զենքով մարդ կա, թե ոչ։ Չնայած թշնամու գերակշռության ու զինված լինելուն, մինչև վերջ քյալա են տալիս։ Եթե սխալվում եմ, ուղղեք ինձ։ Անիմաստ հարցեր, օրինակ՝ թե ինչու են մերոնք թշնամու քթի տակ անզեն ու քչով, չեմ տալիս...»։
Բայց հարցեր տալ պետք է: Եվ պահանջել դրանց պատասխանները՝ նույնպես, քանզի այն, ինչ տեղի է ունենում, կարելի է բնորոշել լոկ մեկ արտահայտությամբ. Հայաստանի ոչնչացում՝ «էսկալացիայից խուսափելու» պատրվակով։ Դրա գինը հայ զինվորների կյանքն է և հայկական պետության գոյությունը։ Իսկ ՀՀ դե ֆակտո իշխանություններն ակտիվորեն օգնում են թշնամուն իրականացնել այդ նպատակները։ Ինչ-որ մեկը դեռ կասկածներ ունի՞այս առումով։