Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՈՎ Է ՓՉԱՑՐԵԼ ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԶԵՆՔԸ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատասխանել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հասցեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին և կշտամբանքներին, որոնք զենքի թեմայի համատեքստում կապված են հայ–ռուսական հարաբերությունների հետ։
Ավելի վաղ, վկայակոչելով Սարգսյանի` 2016 թվականին գրած ինչ–որ գաղտնի նամակ, Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ասաց, որ Ռուսաստանը Սերժ Սարգսյանի նախագահության օրոք սահմանափակել է զենքի մատակարարումը Հայաստանին։ Վարչապետը հավելեց, որ հաշվի առնելով դա, ինչպես նաև Ադրբեջանի հետ ՌԴ բազմամիլիարդանոց զենքի գործարքները, որոնք նույնպես կնքվել են այն ժամանակ, երբ Հայաստանում Սարգսյանն էր նախագահ, նախկին իշխանություններն իրավունք չունեն իրեն մեղադրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման մեջ։
Մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը` ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ Սարգսյանի օրոք ստորագրվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարաձգման վերաբերյալ համաձայնագիր։ Նրա նախագահ եղած ժամանակ Հայաստանն առաջինն է Ռուսաստանից «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական համալիրներ ստացել, իսկ ավելի ուշ էլ ստորագրվել են 300 մլն դոլարի համաձայնագրեր, որոնցով Հայաստանը ներռուսական գներով ստացել է սպառազինություն և ռազմական տեխնիկա։
Նամակի առկայությունը Շարմազանովն, ըստ էության, չհերքեց, բայց հայտնեց, որ հենց այդ նամակից հետո Հայաստանը հզոր համակարգեր է ստացել։
«Եթե Սերժ Սարգսյանը որոշակի խնդիրների վերաբերյալ գերադասել է նամակով և գաղտնի խոսել իր գործընկերների հետ, իսկ դա ընդունված է դիվանագիտության մեջ, ապա Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ի լուր ամբողջ աշխարհի, հայտարարում է, որ իր քաղաքական իշխանությունն անմեղսունակ է, և ինքը հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ վճարել է, բայց դաշնակիցներն իրեն զենք չեն տալիս»,– ասաց ՀՀԿ–ականը։
Շարմազանովը կարծում է, որ Սերժ Սարգսյանը կարող էր դաշնակիցների հետ շփվել ինչպես հավասարը հավասարի հետ, նրա օրոք Հայաստանն ինքնիշխանություն ուներ։ Նա վստահ է` ներկայիս իշխանությունները գործընկերների մոտ նման հեղինակություն չեն վայելում։ Նրա խոսքով` եթե Հայաստանը Ռուսաստանից զենք չի ստացել, ապա անհասկանալի է, թե 2020 թվականի զորահանդեսի ժամանակ ինչ է ցուցադրել Ադրբեջանը որպես ավար։ Շարմազանովը շեշտեց` այդ զենքն ու զինամթերքը ձեռք է բերվել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, մեծամասնությունը` Ռուսաստանից։