Կառավարությունը 10 մլրդ դրամ հատկացրեց Երևանի հրատապ խնդիրների լուծման համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետական բյուջեից շուրջ 10 մլրդ դրամ հատկացնել Երևանում հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացմանը:

Ինչպես հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարի գրեթե կեսը` 4.7 մլրդ դրամը, ծախսվելու է Երևանում 473 վերելակների փոխարինման համար։

Մնացած գումարով Նոր խարբերդ թաղամասում գազատարի և նոր կոյուղագծի է կառուցվելու, հանգստյան գոտիներ ու այգիներ են հիմնվելու, ճանապարհներ են վերանորոգվելու, ինչպես նաև հիմնանորոգվելու են 5 մանկապարտեզ ու 2 պոլիկլինիկա։

Նիստին ներկա Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցի քննարկման ժամանակ հայտնեց, որ 2019-22թթ–ին մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շուրջ 1000 վերելակ է փոխարինվել, որոնցից 500-ը` 2022թ–ին։

«Այս տարի կրկին 500–ը անցնում ենք, և այս տեմպը պահպանելով` Երևան քաղաքում բոլոր խնդրահարույց վերելակների հարցերը 4 տարվա ընթացքում կարողանալու ենք լուծել»,– ասաց նա։

Փոխքաղաքապետը նշեց, որ հատկացված գումարի շրջանակում լուծվելու է նաև Աջափնյակի Արզումանյան փողոցի երկու վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը։

Բնակիչներն իրենց բնակարաններն օտարելու են տեղում կառուցապատում իրականացնող ընկերությանը։ Մինչ նոր շենքի կառուցումն ու նոր բնակարանները շահառուներին հանձնելը կառավարությունը ֆինանսավորելու է վարձակալած բնակարանների վարձի արժեքը։

Sputnik Արմենիա